choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ



Չկան մահմեդական հայեր, ինչպես և չկան քրիստոնյա թուրքեր
Հեղինակ՝ Զառա Գևոռգյան | Ամսաթիվ՝ 24-12-2008 | Տպել



Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

- Վերջին ժամանակներս հաճախ է վիճակվում լսել ու կարդալ, թե Թուրքիայում ապրում են կրոնափոխ եղած մեծաթիվ հայեր:

- Ներկայումս իսկապես փորձ է արվում ներկայացնել հայերի մահմեդականացած սերունդներին որպես բուն հայերի: Խոսվում է այն մասին, թե իբր Թուրքիայում ապրում են լեզուն եւ հավատքը փոխած միլիոնավոր հայեր:
Իրականում ամեն ինչ միանգամայն այլ է: Այնտեղ կան համշենցիներ, որոնք ապրում են Ռիզե եւ Արդվին նահանգներում, հատկապես Խոփայի շրջանում: Ռիզեում ապրողները հիմնականում թուրքացած են, իսկ Խոփի բնակչությունը պահպանել է իր ծագման մասին հիշողությունն ու հայկական բարբառը (թեեւ հայերեն գրքեր կարդալ չի կարողանում): Նրանք գիտեն, որ իրենց նախնիները հայեր են եղել, այդուհանդերձ մեծամասնությունն իրեն հայ չի համարում: Ձուլման գործընթացը չափից ավելի է խորացել: Այդ մարդկանց թիվը չի անցնում 25-30 հազարից:
Բայց եթե մի կողմ թողնենք նրանց, ապա Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի մնացյալ տարածքում կան հայկական ներկայության իրարից կտրված լոկ մանրագույն օջախներ, ըստ որում՝ զուրկ հայկական աշխարհի հետ որեւէ կապից: Թուրքիայում այդ խմբերի եւ համշենցիների (նրանց չի կարելի շփոթել քրիստոնյա համշենահայերի հետ, որոնք ներկայումս ապրում են Ռուսաստանի եւ Աբխազիայի սեւծովյան ափին) ֆենոմենը բացառիկ է եւ արժանի գիտական լուրջ հետազոտությունների, որոնք մեզանում բարեբախտաբար անցկացվում են: Բայց Թուրքիայում ապրող միլիոնավոր հայերի մասին խոսելն անհեթեթ է: Նույնիսկ համշենցիներն ու Թուրքիայով մեկ ցրված հայության մյուս մնացորդներն օժտված չեն ցայտուն դրսեւորված հայկական ինքնագիտակցությամբ եւ դրա կրողը չեն:
Ե՛ւ որպես քաղաքագետ, ե՛ւ որպես հայ-մահմեդական հարաբերությունների խնդիրներն ուսումնասիրած պատմաբան կարող եմ պնդել, որ մահմեդականություն ընդունած հայերը հայկական ինքնագիտակցության կրողներ չեն: Սկսած 15-16-րդ դարերից եւ ընդհուպ մինչեւ 20-րդ դար հարկադրաբար կամ հոժարակամ մահմեդականություն ընդունած հայերի նկատմամբ կիրառվում էր միանգամայն հստակ եւ համարժեք «թուրքացած» բառը: Երբ հայերն իսլամ էին ընդունում, չէր խոսվում այն մասին, թե նրանք «իսլամ ընդունեցին», այլ ասվում էր «թուրքացան» (ըստ որում՝ հոժարակամ հավատափոխությունը խրախուսելու համար ե՛ւ Իրանում, ե՛ւ Օսմանյան Թուրքիայում կիրառվում էին հատուկ մշակված մեխանիզմներ): Իրականում մահմեդական հայեր չկան, ինչպեսեւ չկան քրիստոնյա թուրքեր (նկատի ունեմ հենց թուրքերին, այլ ոչ թե թյուրքերին, որոնց մեջ կան նաեւ քրիստոնյաներ. գագաուզները, չուվաշները, յակուտները): Չկա աշխարհում նման երեւույթ, հասկանո՞ւմ եք: Կան ընդամենը նրանց սերունդները, ովքեր ժամանակին հայ են եղել, իսկ հետո մահմեդականություն ընդունել ու թուրքացել: Նրանց մեջ կան նաեւ թուրքական պետական ու քաղաքական գործիչներ, օրինակ՝ նախկին վարչապետ Մեսութ Ելմազը կամ, համաձայն թուրքական որոշ աղբյուրների, Թուրքիայի ֆաշիստների, այսպես կոչված՝ «Գորշ գայլերի» առաջնորդ Դեւլեթ Բախչելին եւ ուրիշներ:

-Իսկ ի՞նչ եք ներառում հայը՝ «որպես հայկական մշակույթի կրող» հասկացության մեջ:

-Առաջին հերթին հայերենի իմացությունը, ինչպես նաեւ դրա վրա հիմնված եւ դրա կրողների կողմից ստեղծված մշակութային ժառանգությունը: Բացի ամենայնից, դա նշանակում է նաեւ ազգային-ազատագրական պայքարի, հայկական պետականության վերականգնման եւ ամրապնդման գաղափարների կրողը լինել: (Ճիշտ է, հաճախ օբյեկտիվ պատմական հանգամանքները հայ ժողովրդի նշանակալից մասի մեջ բթացրել ու քնեցրել են այդ գաղափարները: Ցավոք, նման իրավիճակ է ստեղծվել նաեւ այսօր, բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է):
Ուշադրություն դարձրեք. հայկական ողջ մշակույթն ամբողջովին տոգորված է Հայաստանի ազատագրման ոգով եւ գաղափարախոսությամբ, առանց որոնց չկա հայ գրականություն, պատմագրություն, պոեզիա, վիպագրություն, բանահյուսություն՝ հնագույն էպոս, միջնադարյան առասպելներ ու ավանդապատումներ, հայ երաժշտություն՝ օպերա, երգ ու պար, հայրենասիրական աստվածաբանական ուսմունք, ինչպիսին է Հայ Առաքելական եկեղեցու ուսմունքը: Խոսքը պատմական մեծ ճեղքվածքի մասին է, եւ ոչ միայն նորագույն պատմության մեջ: Հայ մշակույթը մեծապես հենց ինքն է ազատագրական գաղափարախոսության արգասիք:
Մահմեդականություն ընդունելով, հայը ոչ միայն հերքում էր ազատագրական պայքարի եւ գաղափարախոսության հետ թեկուզ չնչին կապ ունեցող հայոց պատմության եւ մշակույթի ամբողջ շերտը, այլեւ համաձայնվում դառնալ թշնամու՝ Հայաստանն ընդմիշտ ստրկացնել փորձող մահմեդական տերությունների գաղափարախոսության կրողը:
Կարո՞ղ եք արդյոք օրինակ բերել թեկուզ մեկ մահմեդական «հայի», որը երբեւէ մասնակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Այդպիսի օրինակներ դուք չեք գտնի: Կարո՞ղ եք նշել թեկուզ մեկ «հայ» մահմեդականի անուն, որը ներդրում է ունեցել հայ մշակույթի մեջ: Դրա օրինակներն էլ չկան: Փոխարենը՝ մեզանում կան հակառակ դեպքերը, երբ մահմեդական «հայերը» զենքը ձեռքին կռվել են հայ ազգային-ազատագրական շարժման դեմ:

-Ինչպես, օրինակ՝ ենիչերինե՞րը:

-Այո, ինչպես ենիչերիները: Չէ՞ որ դրանք քրիստոնյաների զավակներ էին, որոնց մահմեդականացրել էին, դաստիարակել իսլամի ոգով, եւ նրանք իսկապես կռվում էին մեր դեմ: Նրանց մի մասը ծագումով հայեր էին, ինչպես նաեւ հույն, բուլղար, սերբ, վրացի եւ այլն:
Կարելի է օրինակներ բերել նաեւ մերօրյա իրականությունից: Հիշենք 1988 թվականը, Հադրութի շրջանի Տող գյուղը, որը ժամանակին եղել է 1735 թվականին ստեղծված Խամսայի մելիքությունների մայրաքաղաքը: 18-րդ դարավերջին այդ գյուղի մի մասը մահմեդականություն ընդունեց. թուրքացավ: 1988 թվականին գյուղի բնակչության կեսը անձնագրով ադրբեջանցիներ էին, որոնք շատ լավ հիշում էին, որ իրենց նախնիները հայ են եղել: Չէ՞ որ անցել էր ընդամենը երկու դար, իսկ նրանք շարունակում էին ապրել հենց այն գյուղում, որտեղ ապրել էին իրենց հայ նախնիները: Եւ ահա գյուղի բնակչության թուրքացած մասը հանդես եկավ ընդդեմ Արցախի ազատագրման: Նրանք կռվում էին մեր դեմ, մի՞թե սա ոչինչ չի ասում: Եթե նրանք հայ էին, ապա ինչո՞ւ իրենց հայի պես չպահեցին:
Նախիջեւանի ներկայիս բնակչության նշանակալի մասը ադրբեջանցիներ են, որոնց նախնիները ժամանակին հայ են եղել, բայց մահմեդականություն ընդունելով՝ նրանք եւ իրենց սերունդներն ընդմիշտ թուրքացել են: Կարելի է բերել համանման էլի բազմաթիվ օրինակներ:
Մի խոսքով, մեծ տարբերություն կա ծագման եւ նույնականության միջեւ: Առաջինը բնավ չի նախորոշում երկրորդը: Եթե մենք հայ համարենք բոլոր նրանց, որոնց նախնիները հայ են եղել, ապա հավանաբար աշխարհով մեկ կհաշվարկենք մոտ 500 միլիոն հայ: Բայց ախր դա ծիծաղելի է: Նույնականությունն ինքնագիտակցության, այլ ոչ թե ծագման խնդիր է:

ՄԵՆՔ ԴԵՌԵՎՍ «ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼՈՒ» ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ

¬Ինչո՞ւ էին, ի վերջո, մեր նախնիները նախընտրում նահատակվել, բայց հավատը չուրանալ: Իմիջիայլոց, մահմեդական տիրապետության անհուսալի դարերում, երբ պատմական ասպարեզից տեւականորեն անհետացել էին հայոց պետությունն ու նրա զինված ուժերը, հայ նահատակները հայերի ազգային ինքնագիտակցության պահպանման համար խաղացին այն նույն դերը, ինչ հետագայում ֆիդայիները:
Ինչո՞ւ մեկուկես միլիոն հայեր հրաժարվեցին մահմեդականություն ընդունել եւ Ցեղասպանության ենթարկվեցին: Չէ՞ որ, եթե հավատալու լինենք անէությունից անսպասելիորեն ի հայտ եկած մահմեդական հայերի գոյությանը, ապա 1915 թվականին հայերը պիտի շատ հանգիստ մահմեդականություն ընդունեին ու շարունակեին հայ մնալ, ասես ոչինչ էլ չի պատահել: Բայց մեր ժողովուրդը, անխտիր բոլորը՝ փոքրից մինչեւ մեծը, գերազանց գիտակցում էր, որ ուրանալով ազգային հավատքը եւ ընդունելով թշնամիների տիրապետող կրոնը, դրանով իսկ փոխում են իրենց ազգային պատկանելությունը… Մեր պապերն իրենց ականջներին չէին հավատա, եթե լսեին մերօրյա անհեթեթ բանավեճերը մահմեդական «հայերի» գոյության թեմայի շուրջ:
Բայց ահա մեկ այլ հարց. եթե մենք թուրքացած «հայերին» հայ համարենք, ապա ի՞նչ հետեւանքներ կարելի է ակնկալել: Նախ, թուրքերը կարող են ասել՝ «հայերի ոչ մի Ցեղասպանություն էլ չի եղել: Ահա նրանք՝ ձեր հայերը, ողջ¬առողջ են, ապրում են իրենց տարածքներում, թուրքական պետության օրինապաշտ քաղաքացիներ են»: Այնուհետեւ: Այսօր ավելի ու ավելի հաճախ է խոսվում շրջափակման առաջիկա վերացման եւ Թուրքիայի հետ սահմանը բացելու հնարավորության մասին: Մի պահ պատկերացնենք. մոտ ապագայում Հայաստանը հեղեղում են տասնյակ հազարավոր, այսպես կոչված մահմեդական «հայերը», համենայն դեպս՝ նրանք, ովքեր կներկայանան որպես այդպիսիք:
Ներկայումս շատ է ասվում, թե կրոնը պետք է տարբերակել ազգային ինքնությունից: Բայց ինչպե՞ս, եթե կրոնն ազգային ինքնագիտակցության կարեւորագույն շերտն է: Այդ շերտի անտեսումը, կամ առավել եւս, փոխարինումը մահմեդականով կարող է աղետալի հետեւանքներ ունենալ: Քանզի իսլամը ոչ միայն կրոն է, այլեւ մշակույթ, գաղափարախոսություն, կենսակերպ…
Պատկերացրեք կացությունը Հայաստանում (որը դեռ չի կայացել որպես ուժեղ պետություն), որտեղ գործողությունների բացարձակ ազատություն ստացած աղանդավորների հետ մեկտեղ, որոնց մենք ակնհայտորեն չենք կարողանում դիմակայել, հայտնվեն նաեւ մահմեդական «հայեր»՝ իրենց մզկիթներով: Չէ՞ որ դա միանգամայն հնարավոր է: Եթե հաշվի առնենք, թե որքան հայեր են ներկայումս դարձել այս կամ այն աղանդի հետեւորդ, ապա չի կարելի բացառել նաեւ այն հավանականությունը, որ այստեղի հայերը կընկնեն իսլամական գաղափարների ազդեցության տակ:
Ի՞նչ կստանանք ի վերջո: Այն պայմաններում, երբ Հայաստանը, մեղմ ասած, դեռեւս ուժեղ չէ, մենք ուզում ենք այստեղ արմատավորել բոլոր առումներով թշնամական երկու պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կրոնը: Եթե Հայաստան լցվեն մահմեդական «հայեր», ապա կստանան այստեղ իրենց մզկիթները կառուցելու իրավունք: Ո՞ւմ են ենթարկվելու այդ մզկիթները, որտե՞ղ է լինելու նրանց հոգեւոր կենտրոնը: Ինչ է, Անկարայո՞ւմ: Չէ՞ որ չի կարելի մոռանալ, որ հոգեւոր իշխանությունը միշտ եւ ամենուր կախված է քաղաքական իշխանությունից: Կարելի է վկայակոչել նաեւ միջազգային փորձը. բոսնիացի մահմեդականները նախկինում քրիստոնյա սերբեր էին, իսկ մահմեդականացումից հետո դարձան սերբերի ոխերիմ թշնամիներն ու թուրքերի հավատարիմ դաշնակիցները…

-Իսկ եթե այդ նույն «հայերը» ցանկանան քրիստոնեություն ընդունե՞լ:

-Դա արդեն ուրիշ բան: Եթե նրանց մեջ ցանկություն առաջանա իսկապես հայ դառնալ, ապա բնականաբար կուզենան նաեւ վերադառնալ իրենց արմատներին, հրաժարվել իսլամից, քրիստոնեություն ընդունել եւ մտնել Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո (ի դեպ, կան նաեւ այդպիսի դեպքեր), սովորել հայոց լեզուն, քաղաքական առումով նվիրվել Հայաստանի պետական շահերին:
Երբեք չպետք է մոռանանք, որ ապրում ենք բնավ ոչ խաղաղ պայմաններում, այլ դեռեւս «լինել, թե չլինելու» վիճակում ենք, երբ անչափ կարեւոր է հայի քաղաքական դիրքորոշումը: Եթե նա համարում է իրեն հայ ազգի մի մասնիկը, իսկ ազգը որպես օրգանիզմ վտանգված է, ապա յուրաքանչյուր մասնիկ պետք է համարժեք արձագանքի այդ վտանգին: Եթե դա տեղի չի ունենում, ապա պետք է ենթադրել, որ նա ինչ-որ չափով արդեն կտրվել է, ասիմիլյացիայի է ենթարկվել, օտարացել օրգանիզմից:
Ի դեպ, կանխագուշակում եմ, որ կհարցնեք նաեւ հայ կաթոլիկների, բողոքականների, բուդդայականների (արդեն այդպիսիք էլ կան) մասին: Նրանք բոլորն էլ մեր քույրերն ու եղբայրներն են՝ հայեր են: Բայց պետք է ընդունել, որ նրանց այդ կրոնադավանական ընտրությունն ինքնին որոշակի նահանջ է ազգային ինքնությունից: Քանզի նրանց հոգեւոր իշխանությունը բխում է օտարերկրյա կենտրոններից: Օրինակ, Հռոմի պապը միաժամանակ Վատիկան պետության ղեկավարն է՝ իր սեփական քաղաքական շահերով, որոնք ոչ միշտ են համընկնում Հայաստանի եւ հայության շահերին: Բողոքական որոշ կազմակերպություններ եղել են ԱՄՆ¬ի պետական քաղաքականության իրացնողը եւ այլն:
Այդուհանդերձ, ի տարբերություն մահմեդականության, ո՛չ կաթոլիկությունը, ո՛չ բողոքականության տարբեր խմբերը, ո՛չ էլ բուդդայականությունը մեր թշնամիների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար գաղափարական նեցուկ չեն Հայաստանի դեմ իրենց պայքարում: Միաժամանակ, հայերի եւ այլ կրոն ունեցող պետությունների միջեւ չի եղել բազմադարյան արյունահեղ բախում եւ ցեղասպանության պատմություն: Հենց դրանում էլ ամփոփված է ահռելի տարբերությունը հիպոթետիկ «հայ» մահմեդականների եւ համաշխարհային այլ կրոնների հետեւորդ հայերի միջեւ:
Գոյություն ունի եւս մեկ կարեւոր տեսանկյուն: Հռչակելով «հայ է նա, ով հայկական ծագում ունի» մոտեցումը, փաստորեն խրախուսելով այն գաղափարը, թե լեզուն, մշակույթը, կրոնը կարեւոր չեն, թե Հայաստանում ապրելը կարեւոր չէ, արդյունքում կարող ենք հասնել նրան, որ մեր Սփյուռքի մի մասի որդեգրած այդ «արժեքների համակարգը» բումերանգի պես կհարվածի Հայաստանին, կփոխանցվի մեզ…

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԻԼԵՏԱՆՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

-Ազգային ինքնության խնդիրները հայ մտավոր եւ քաղաքական միջավայրում բուռն սկսեցին քննարկվել բոլորովին վերջերս. մոտ երկու տարի առաջ: Մի կողմից՝ ինքնաճանաչողության այդօրինակ մղումն, անշուշտ, խրախուսելի է… Մյուս կողմից՝ ակամայից հարց ես տալիս ինքդ քեզ. ինչո՞ւ հատկապես հիմա հայ հասարակության մեջ հետաքրքրության այդչափ հանկարծակի պոռթկում առաջացավ սեփական ակունքների նկատմամբ: Իսկ գուցե դա ամենեւին էլ հանկարծակի չէ՞ր:

-Համամիտ եմ ձեզ հետ, որ մեր ինքնությանն առնչվող հարցերի նկատմամբ հետաքրքրությունն ինքնին դրական է: Սակայն, կարծում եմ, այդ բացառիկ կարեւոր թեմայի շուրջ քննարկումները տարվում են խիստ սիրողական մակարդակով: Մինչդեռ ինքնության հարցն ինքնագիտակցության հարց է, իսկ ինքնագիտակցությունն ու առհասարակ գիտակցությունը հետազոտելը բարդագույն խնդիր է, որի համար պետք է մասնագիտական պատրաստվածություն ունենալ առնվազն երեք ոլորտներում՝ հայոց պատմության, համաշխարհային պատմության, ինչպես նաեւ էթնոսին եւ ազգամիջյան հարաբերություններին վերաբերող գիտական տեսություններում:
Մասնավորապես, առանց էթնոսի մասին գոյություն ունեցող տեսությունների իմացության, ազգային ինքնության հարցերով զբաղվող յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել, լավագույն դեպքում, հեծանիվ հորինողի դերում: Հայերի էթնիկական հոգեբանության, հոգեկերտվածքի, ազգային բնավորության եւ գաղափարախոսության ուսումնասիրման համար հայոց պատմության իմացությունն անհրաժեշտ է ճիշտ այնքան, որքան որեւէ մարդու անհատական հոգեբանությունը, բնավորությունն ու աշխարհայացքն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է նրա կենսագրության իմացությունը: Հայոց ինքնության առանձնահատկությունները բացահայտելու համար պահանջվում է նաեւ համեմատական վերլուծության ենթարկել հայկական եւ այլազգի միջավայրերում գրանցված պատմական իրողությունները:
Բայց սա էլ բավարար չէ. անհրաժեշտ է կողմնորոշվել նաեւ ազգային անվտանգության հարցերում, քանի որ դրանք սերտորեն ագուցված են ինքնության խնդիրներին: Չմոռանանք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի թեժ փուլում են: Ցավոք, հայկական ինքնության մասին այսօր դատողություններ անողներից շատերը չունեն վերոթվարկյալ գիտելիքն ու պատրաստվածությունը, որը եւ մեծապես վնասակար է:
Սակայն քանի որ խնդիրը հետաքրքրում է հանրությանը, այն անհնար է պարփակել գիտական նեղ քննարկումների շրջանակներում: Բայց ես այնուամենայնիվ մասնագիտական մոտեցման կողմնակից եմ, եւ ծավալված բանավեճի բոլոր մասնակիցներին կոչ եմ անում ծայրաստիճան զգույշ լինել իրենց գնահատականների եւ եզրահանգումների մեջ: Յուրաքանչյուր դրույթ պետք է հիմնավորվի փաստերով, այլ ոչ թե անհիմն կարծրատիպերի (մի օրինակ՝ «հայկական անհատապաշտությունը մշտապես խանգարել է հայերին հզոր պետություն ստեղծել») կրկնությամբ եւ տարածմամբ:
Իսկ ինչ վերաբերում է ձեր այն հարցին, թե «ինչո՞ւ հատկապես հիմա», ապա այն լուրջ վերլուծության կարիք ունի:
Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ընդդեմ Հայաստանի տարիներ շարունակ մղվում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմ: Հայկական կողմից համարժեք հակազդեցության բացակայությունը նույնպես կասկածից վեր է եւ ընդունվում է նույնիսկ երկրի ղեկավարության մակարդակով: Տեղեկատվական ինքնապաշտպանության մեխանիզմների թերզարգացության հետեւանքով, մեր դեմ ուղղված դիվերսիաներն իրականացվում են արդեն խորքային մակարդակում, շոշափելով սրբության սրբոցը՝ ազգային ինքնության հիմքերը:
Կասկած չունեմ, որ այդ խնդրի շուրջ Հայաստանում այսօր ծավալված «տնայնավարական» բանավեճերը շատ դեպքերում արհեստավարժորեն թելադրվում են արտասահմանից: Օրինակ, երբեմն լսում ենք, թե հայ լինելու համար բնավ պարտադիր չէ հայոց լեզվի իմացությունը, թե լեզուն կարեւոր չէ, կրոնը կարեւոր չէ, մշակույթը կարեւոր չէ: Այդ դեպքում ի՞նչն է մնում:

-Եթե լեզուն կարեւոր չէ, կրոնը կարեւոր չէ, մշակույթը կարեւոր չէ, ապա ի՞նչ է նշանակում հայ լինել:

-Խնդիրն էլ հենց դա է… Մինչդեռ ազգագրությանը եւ սոցիալական հոգեբանությանը տարրական ծանոթությունը բավարար է, իմանալու, որ ինքնությունը ունի մի քանի բաղադրիչ կամ շերտեր, որոնցից լեզուն հիմքայիններից է: Նույնը կարելի է ասել նաեւ կրոնի մասին, հատկապես մեր տարածաշրջանում, որը երկար ժամանակ եղել է մահմեդական աշխարհի գերտերությունների՝ Արաբական խալիֆայության, իսկ ավելի ուշ` Իրանական եւ Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ:
Հայաստանն ու հայ ժողովուրդը այդ տերությունների, հետեւաբար նրանց գաղափարախոսության հետ տեւական ու խոր հակամարտության մեջ է եղել, ներառյալ հանուն անկախության եւ ազատագրության մղված պատերազմները: Ընդհուպ մինչեւ նորագույն ժամանակները, գաղափարախոսությունը գոյություն ուներ միայն կրոնի տեսքով, իսկ գաղափարական մարտերի ելքը ոչ պակաս կարեւոր էր, քան այսօր: Հասկանալու համար, թե անցյալում ինչպիսին էր կրոնի դերը մեր տարածաշրջանում, հիշենք, որ մահմեդական աշխարհում կրոնն ու քաղաքականությունը այսօր էլ սերտորեն միահյուսված են:
Ինչ վերաբերում է հայերին, ապա պատկանելությունը Հայ Առաքելական եկեղեցուն ինքնըստինքյան նախորոշում էր նրանց էթնիկական պատկանելությունը: Կրոնա-իրավական կանոններով արգելված էին մահմեդականների, կաթոլիկների, հույների, վրացիների, սիրիացիների հետ ամուսնությունները, դրանց անտեսումը հղի էր ազգակցական կապերի խզումով եւ համայնքից վտարումով:
Ոչ պակաս կարեւոր է մշակույթը, որի տակ մենք հասկանում ենք դարձյալ հայոց լեզուն, դրանով ստեղծված գրականությունը՝ իր ժանրային բազմազանությամբ, ազգային իրավունքի զարգացած համակարգը, ճարտարապետությունը, երաժշտությունը, սովորություններն ու ավանդույթները: Իհարկե, կարելի է թվարկել հայկական ինքնության այլ բաղադրիչներ եւս. դրանք են ե՛ւ Հայաստան-Հայրենիքի գաղափարը, ե՛ւ բոլոր հայերի ծագման ու պատմական ճակատագրի ընդհանրության մասին պատկերացումը, ե՛ւ ազգային խորհրդանիշերը, ե՛ւ էլի շատ բաներ:

-Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք՝ ցայտուն արտահայտված «հայկական ինքնագիտակցություն» ասելով: Ձեր «Հայկական ինքնության հիմնաքարերը կամ ո՞վ է հայը» ուսումնասիրության մեջ ընդգծել եք հայկական ինքնության հիմնական չափորոշիչները: Բայց երբեմն վիճակվում է կարծիք լսել, թե իբր՝ «որոշել, թե ով է հայ, սկզբունքորեն անհնար է»:

-Նման հարցադրումն արմատապես սխալ է: Խնդիրն ավելի հստակ պարզաբանելու համար եկեք ելակետ ընդունենք հակառակ իրողությունը. եթե անհնար է որոշել, թե ո՞վ է հայ, ապա անհնար է նաեւ իմանալ, թե ո՞վ հայ չէ: Բայց չէ՞ որ վերջին հարցի պատասխանը հայտնի է. օրինակ, ռուսը, թուրքը, գերմանացին, արաբը, ֆրանսիացին հայ չեն: Իսկ ինչո՞ւ այդ եւ մնացած բոլոր ազգությունների ներկայացուցիչներին մենք չենք կարող հայ անվանել: Որովհետեւ նրանք Հայաստանն իրենց հայրենիքը չեն համարում (ընդ որում՝ ժամանակային եւ տարածական երկու չափումներում՝ նրա պատմական եւ արդի սահմաններում), նրանք հոգեբանական կապվածություն չունեն Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի եւ մշակույթի հետ, նրանք պատասխանատվություն չեն զգում Հայաստանի ճակատագրի համար եւ նրա նկատմամբ քաղաքական պարտավորություններ չեն ստանձնում, նրանք հայոց լեզվի եւ մշակույթի կրողը չեն եւ չեն էլ ձգտում դառնալ այդպիսին, նրանք չեն ցանկանում պահպանել իրենց սերունդը որպես հայկական: Հենց սրանք էլ այն չափորոշիչներն են, որոնցով կարելի է առանց տվայտանքների որոշել, թե ո՞վ է հայը: Եւ նրանցում առեղծվածային ու գերբնական ոչ մի բան չկա:
Ուզում եմ ընդգծել, որ ասվածն ամենեւին էլ բարոյախոսություն չէ, այլ հիմնված է էթնոհոգեբանության եւ էթնոսի տեսության գիտական հանրահայտ սկզբունքների վրա: Այս չափորոշիչներից որեւէ մեկից նահանջը հանգեցնում է ազգային ինքնության եւ նրա դիմադրողականության թուլացմանը, միաժամանակ հարվածելով նրա մյուս բաղադրիչներին:

Հարցազրույցը վարեց ԶԱՌԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
Ռուսերեն բնագիրը տե՛ս www.ararat-center.org կայքում
(Թարգմանությունը՝ Ս. Հովհաննիսյանի, տպագրվում է կրճատումներով)

«Հայոց Աշխարհ» օրաթերթ
20, 23, 24 Դեկտեմբերի 2008


all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org