choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Հայ-թուրքական հակամարտություն



ԻՆՉՆ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Հեղինակ՝ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ | Ամսաթիվ՝ 16-06-2009 | Տպել



Հարցազրույց հոգեբան ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ

-Չե՞ք կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք չափից ավելի արագ անցում ենք կատարում թշնամականից բարիդրացիական վերաբերմունքի: Նկատեմ, որ այսօր քիչ չեն այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերությունների մասին խոսողները:
-Մեր համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն այն աներկբա իրողության վրա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը երբեւէ չեն կարող լինել Հայաստանի եւ հայության հանդեպ չեզոք, առավել եւս՝ բարեկամ պետություններ: Բանն այն է, որ միջէթնիկական հարաբերություններին բնորոշ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «բարեկամ», «մրցակից», «հակառակորդ», «թշնամի», միմյանցից տարբերվում են շահերի բեւեռացվածության, հետեւապես նաեւ ատելության եւ ագրեսիայի տարրերով հագեցած լինելու մակարդակով:
Հայ-թուրքական շահերի ծայրահեղ բեւեռացված եւ իրարամերժ լինելու պատճառով այս երկու էթնոսների փոխհարաբերությունները եղել են եւ դեռ շատ երկար կմնան հակառակորդ-թշնամի առանցքում. հակառակորդ՝ եթե ատելությունն ու ագրեսիան մեղմվել են եւ թշնամական՝ եթե դրանք սրվել եւ դարձել են առաջատար:
Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների միակ հնարավոր ձեւը տնտեսական օգուտով պայմանավորված համագործակցությունն է, որը կարող է լավագույն դեպքում ժամանակավորապես մեղմել ագրեսիվությունը երկու էթնոսների այն ներկայացուցիչների միջեւ, ովքեր մտել են տնտեսական հարաբերությունների մեջ:
Հայությունը կարող է լինել հոգեբանորեն պաշտպանված այն դեպքում, երբ իրատեսորեն գնահատի Թուրքիա եւ Արդբեջան պետություններից բխող մշտական վտանգը: Ահա այս տեսակետից մեզանում, ցավոք, ամեն ինչ չէ, որ կարգին է:
Վերջերս Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ելույթներից մեկում հիշատակեց թուրքերի շրջանում տարածված հետեւյալ պատկերացումը. «Տուր հային 20 տարի եւ նա պատրաստ կլինի նոր ցեղասպանության»: Թուրքական այս «ժողովրդական իմաստնությունը» հայերի հետ հարյուրամյակներով հարաբերվելու կենսափորձի խտացում է եւ հետեւանք է մեզանում կայուն պարբերականությամբ ի հայտ եկող այն դիրքորոշման, թե «թուրքը փոխվել է»: Եւ իսկապես, թուրքական հերթական ագրեսիայից մի որոշ ժամանակ անց մենք որոշում ենք, իսկ իրականում պարզապես խաբում, մոլորեցնում ինքներս մեզ, թե ներկա թուրքը նախկին թուրքը չէ:
Սա իրականության հետ որեւէ կապ չունեցող ինքնախաբեություն է, որը թույլ չի տալիս հոգեպես պատրաստ լինել թուրքական հնարավոր ագրեսիային դիմակայելուն:
Ինչպե՞ս կարող է թուրքը փոխվել, եթե Թուրքիայի պետական գաղափարախոսությունը քեմալականությունն է, որով դաստիարակվել է թուրքերի երկու¬երեք սերունդ: Թուրքական ագրեսիվության նվազման համար անհրաժեշտ է, որպեսզի թուրք էթնիկ հանրույթը տեւականորեն ապրի, զարգանա հանդուրժողականության արժեքային համակարգում: Այն, որ որոշ թվով թուրք մտավորականներ հայատյաց չեն, դեռ ոչինչ չի նշանակում: Այս մարդիկ, ցավոք, Թուրքիայում բացառություն են. բացառություն, որ հաստատում է օրինաչափությունը:
-Ըստ ձեզ, ինչո՞ւ կան «թուրքը փոխվել է» մտայնություն կրողներ, որո՞նք են այն գործոնները, որ նպաստում են այս մտայնության տարածմանը:
-Թուրքերի «փոխված լինելու» խաբկանքին նպաստում են կենցաղային շփումները: Թուրքիայում թուրք առեւտրականները, սպասարկման ոլորտի ներկայացուցիչները, ովքեր շահ են ակնկալում հայի հետ շփումից, մեր հայրենակիցներին ներկայանում են կեղծ ժպիտներով, շինծու սիրալիրությամբ, արհեստական ջերմությամբ: Դա այն խավն է, որի հետ Թուրքիայում առավել հաճախ են հարաբերվում մեր հայրենակիցները: Նրանցից ոմանք թուրքերին ընկալում են իբրեւ թշնամանքից զերծ, բարեհամբույր մարդիկ:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ առօրյա իրադրական շահի վրա հիմնված այդ մտերմությանը թուրքը երբեք հավատարիմ չի մնում: Հիշենք, որ ցեղասպանության տարիներին առեւտրականները, արհեստավորները, սպասարկման ոլորտի ներկայացուցիչները կազմել են եղեռնագործների այն հատվածը, որն ընդունված է անվանել «թուրք խուժան», «խաժամուժ»:
Իհարկե չի կարելի բացառել առանձին անձնական մտերմությունները: Բանն այն է, որ կենցաղում մարդկանց կարող են միավորել իրադրական ընդհանուր նպատակներ, շահեր: Ինչ խոսք, հայկական ջարդերի ընթացքում եղել են դեպքեր, երբ որոշ թուրքեր փրկել են հայերին, հավատարիմ են մնացել նախկին մտերմությանը: Սակայն, ցավոք, այդ դեպքերը ընդամենը բացառություններ են:
Հայ-թուրքական հարաբերությունների հոգեբանական վերլուծությունը հանգեցնում է մի հնարավոր եզրակացության. թուրքը մնում է թուրք: Այս հետեւությունը բնավ չի նշանակում նրա հանդեպ տոտալ անհանդուրժողականության տարածում, առավել եւս չի բացառում թուրքերի հետ փոխհարաբերվելը: Այն պարզապես հոգեբանորեն գրագետ եւ արդյունավետ է դարձնում այդ հարաբերությունները:
«Թուրքը մնում է թուրք» ժողովրդական իմաստնությամբ առաջնորդվելով է միայն հնարավոր ապահովել թուրք էթնոսի հետ փոխշահավետ հարաբերություններ` միաժամանակ չկորցնելով զգոնությունը, մնալով թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիային դիմակայելու մշտական պատրաստականության վիճակում:
Ցանկացած արտաքին ագրեսիա հնարավոր է կանխել այն դեպքում միայն, երբ պահպանվում է կողմերի ուժերի հաշվեկշիռը, այդ թվում՝ նաեւ բարոյահոգեբանական հաշվեկշիռը: Երբ կողմերից մեկը հոգեբանորեն թուլանում, խոցելի է դառնում, ապա վերածվում է հակառակորդի համար մատչելի թիրախի:
Ներկայումս «թուրքը փոխվել է» մոլորության տարածումը կանխելը վերածվել է կենսական կարեւորության խնդրի, քանզի այն աննկատ խարխլում է մեր պետականության հիմքերը, ջլատում հայության պաշտպանական ներուժը:
Ըստ իս, վտանգը հատկապես բխում է զանազան արեւմտյան ֆոնդերից եւ նրանց ձեռքին խամաճիկների վերածված որոշ տեղական հասարակական կազմակերպություններից, որոնք գտնվելով այդ ֆոնդերից դրամաշնորհային կախվածության մեջ` ծավալում են թուրքերի հանդեպ «հանդուրժողականության» քարոզչություն: Վտանգավորն այն է, որ այս դրամաշնորհային հանդուրժողականությունը սահուն վերաճում է զիջողականության քարոզչության, հայրենասիրության եւ առողջ ազգայնականության վարկաբեկման, որոնք բնորոշվում են իբրեւ ծայրահեղականություն:
Հաշվի առնելով, որ թուրքի փոխվելու վերաբերյալ ինքնախաբեությունը խոր արմատներ ունի մեր հոգեկերտվածքում, այն պետք է համարել հայության հոգեբանական անվտանգությանը տեսանելի ապագայում սպառնացող գործոն, որի թուլացնելուն ուղղված աշխատանքները պետք է սկսել անհապաղ:



Զրուցեց ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆԸ

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org