choose language
      [english]   [armenian]   [russian]

Արցախ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Արցախ



ՊԵՏՔ Է ԿԱՌՉԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ | Ամսաթիվ՝ 22-07-2009 | Տպել



Գրեթե համընդհանուր տարածված կարծիք կա, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի եւ Ղարաբաղի համար ամենից կարեւորը, գլխավորը ԼՂ կարգավիճակի հարցն է: Առավել եւս դա է պնդում պաշտոնական Երեւանը: Մի կողմ թողնենք, թե արդյոք այդ հարցն է կազմում բանակցային գործընթացի առանցքը, թե դա ընդամենը հերթական հարցերից մեկն է: Պարզապես դիտարկենք, թե արդյոք կարգավիճակից ավելի կարեւոր խնդիր կարող է լինել հայկական կողմի համար:

Կարծում եմ, որ կա կարգավիճակից ավելի կարեւոր բան: Դա ազատագրված տարածքների խնդիրն է: Հայկական կողմի համար գլխավորն այդ խնդիրն է: Այսինքն այն, թե ով է վերահսկում այդ տարածքները: Եթե դրանք դուրս են գալիս հայկական վերահսկողության տիրույթից, ապա Ղարաբաղի ցանկացած կարգավիճակի գլխին կախվելու է ժամանակավորության մթնոլորտը եւ ճնշելու է հայերին:

Ազատագրված տարածքները հայկական կողմի համար թե ֆիզիկական անվտանգության, թե բարոյական վերելքի հիմք են: Զրկվելով դրանցից, հայկական կողմը զրկվում է ֆիզիկական անվտանգությունից եւ բարոյական առավելությունից: Ղարաբաղին որեւէ կարգավիճակ տալով կյանքը չի ընդհատվում, կանգ չի առնում, ժամանակը շարունակում է իր ընթացքը, ինչն էլ նշանակում է, որ շարունակվելու է աշխարհաքաղաքականությունը: Իսկ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է անընդհատ գոյություն ունեցող եւ պարբերաբար վերափոխվող շահեր:

Ղարաբաղին մի անգամ տվել էին կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Խնդիրն այն չէ, թե ինչ կարգավիճակ էին տվել: Խնդիրն այն է, որ տվել էին, որը հետո սակայն փոխվեց պատերազմի միջոցով: Ինչ երաշխիք կարող է լինել, որ մի քանի տարի հետ չի ստեղծվի աշխարհաքաղաքական որեւէ դասավորություն, որը Ադրբեջանին հնարավորություն կտա միջազգային հանրության աջակցությամբ փոխել Ղարաբաղի կարգավիճակը: Համենայն դեպս, մինչ այդ Ղարաբաղին զրկելով ազատագրված տարածքների ընձեռած ֆիզիկական եւ բարոյական առավելությունից, Ադրբեջանը թերեւս ստանում է Ղարաբաղին որեւէ կարգավիճակից էլ ապագայում զրկելու լավ նախադրյալ:

Եթե այսօր աշխարհն Ադրբեջանին ասում է, որ կապահովի տարածքների վերադարձ, եթե Ադրբեջանը հաշտվի Ղարաբաղի եւ Հայաստանի հետ նրա սահմանի կորստին, ապա ով կարող է երաշխավորել, որ վաղը աշխարհը Ադրբեջանին չի ասի, որ կարելի է նաեւ Ղարաբաղը վերադարձնել: Չէ որ տարածքների վերադարձը Ադրբեջանին չի ծրագրվում Իլհամ Ալիեւի բոյ-բուսաթի կամ Մեհրիբան Ալիեւայի սլացիկ կազմվածքի համար: Տարածքների վերադարձը տեղավորվում է գերտերությունների աշխարհաքաղաքական շահի մեջ, նայած, թե ով է լինելու վերադարձի “հովանավորը” եւ “վերակացուն”:

Ուրեմն եթե 1994 թվականի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի զարգացումները հասցրել են այն կետին, որ միջազգային կոչվող հանրությունը նպատակահարմար է գտնում Ղարաբաղի խնդիր լուծել տարածքներն Ադրբեջանին վերադարձնելով, ապա ամենեւին էլ անիրական չէ, որ մի օր էլ նույն միջազգային հանրությունը կորոշի որեւէ այլ խնդիր լուծելու համար Ղարաբաղն էլ վերադարձնել Ադրբեջանին: Հայերն իհարկե կկռվեն, սակայն պետք չէ մոռանալ, որ մենք մեր պատմության մեջ ոչ միայն ռազմական հաղթանակներ ենք ունեցել, այլ նաեւ պարտություններ: Առավել եւս, որ մենք, մինչ այդ կռիվը, չմտածելով հնարավոր նոր կռվի մասին, համաձայնվում ենք զիջել մեր հաղթածի մի զգալի մասը:

Ընդ որում, համարվում է, որ դա արվում է պատերազմից խուսափելու համար: Իսկապես, գուցե մեր եւ գալիք մի սերունդ այդպիսով կարող է խուսափել պատերազմից, թեեւ անհայտ է, թե ով է ասում, որ տարածքները պահելը նշանակում է պատերազմ: Այո, եթե տարածքները դառնում են մի քանի անհատի հարստության աղբյուր, իսկ դրանց վերադարձի միջազգային առաջարկին ի պատասխան ասում ենք, որ եթե վերցնեք՝ կռիվ կանենք, ապա բնական է, որ միջազգային հանրությունը կարող է եւ “զայրանալ” ու մեզ կռիվ պարտադրել:

Սակայն եթե համապատասխան աշխատանք տարվի Հայաստանն ու Ղարաբաղը արդիական չափանիշներով ու չափորոշիչներով պետություն դարձնելու, օրենքի վրա հիմնված տարածք դարձնելու եւ ազատագրված տարածքներն էլ այդ օրինական տարածության կենսական եւ կենսունակ բաղադրիչ դարձնելու ուղղությամբ, ապա պատկերը եւ այդ տարածքների միջազգային ընկալումը լիովին կփոխվի: Ամենագլխավորը, որ լիովին կփոխվի այդ տարածքների հայկական ընկալումը, եւ դրանք այլեւս չեն դիտվի որպես պատերազմի ժամանակ հետ գցած “մանրադրամ”, որը պետք էր գալու հետո Ղարաբաղի հետ փոխանակելու համար: Բանն այն է, որ Ղարաբաղի հակամարտության բանակցության ներկայիս նյութը ուղղակի տպավորություն է ստեղծում, որ ոչ թե հայկական կողմից են ինչ որ բան ուզում տալ Ադրբեջանին, այլ ինչ որ բան պարզապես ուզում են Հայաստանին թողնել:

Հասկանալի է, որ իրականությունն ու բանակցության նյութն այժմ շատ տարբեր են, եւ բարեբախտաբար որեւէ մեկը Հայաստանին չի պարտադրում որեւէ բան զիջել: Սակայն խնդիրը, ինչպես որ շատերն էլ նկատում են, այն է, որ փոխվելու ավելի շատ միտում է ցուցաբերում բանակցության նյութի շուրջ առկա միջազգային իրադրությունն ու իրականությունը, քան բանակցային նյութը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org