choose language
      [english]   [armenian]   [russian]

Ինքնություն

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Ինքնություն



Կրոնը և ազգային ինքնագիտակցությունը
Հեղինակ՝ Armar.am | Ամսաթիվ՝ 10-08-2009 | Տպել



Հարցազրույց ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
Ալբերտ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ հետ


-Պարո’ն Մուշեղյան, որպես Հայաստանում քրիստոնեության տարածման, հայոց դարձի պատմությունն ուսումնասիրող գիտնական` Դուք ի՞նչ ուշագրավ բացահայտումներ եք արել:

-Հայտնաբերեցի, որ սուրբ գրքի թարգմանությունից առաջ Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է համառոտ աստվածաշունչ, որպեսզի Մեծ Հայքի 180 գավառներում քարոզելու համար վարդապետները և քահանաները ձեռքի տակ ունենան հաստատված հավատամատյան: Եվ այդ հավատամատյանը, նախքան «Աստվածաշնչի» լիակատար թարգմանությունը, 10-ամյակներով իր դերը կատարել է: Սա մտցվել է Ագաթանգեղոսի պատմության մեջ` որպես երկրորդ գիրք` «Գրիգոր Լուսավորչի վարդապետություն» վերտառությամբ:
Հայաստանում մեր լուսավորչականությունը հենց սկզբից, ըստ էության, անջատվեց կաթողիկե կամ այսպես ասած` համաշխարհային, ընդհանրական եկեղեցուց, այն մեր ազգային գաղափարաբանության ուրույն դրսևորումն է` սկսած դեռևս 4-րդ, 5-րդ դարերից: Դա քրիստոնեության մեջ ազգային մի ուղղություն է, որը տարբեր է կաթոլիցիզմից, հունական ուղղափառությունից, էլ չեմ խոսում հետագա զանազան կրոնական հոսանքների մասին: Նույնիսկ կրոնի այնպիսի մեծ գիտակ, ինչպիսին ռուս մեծ գրող Լև Տոլստոյն էր, 1896թ. հրաժարվել է Մուշի, Սասունի կոտորածներից տուժած հայերի օգտին բարեգործական գործողություններին մասնակցելուց` պատճառաբանելով, թե աղանդավորական եկեղեցու համար ինքը ոչ մի կոպեկ չի տա: Անգամ իր մարդասիրությամբ հայտնի Տոլստոյը հայ լուսավորչականությունը համարում էր աղանդավորական ուղղություն քրիստոնեության մեջ: Սակայն, ըստ էության, հենց հայոց եկեղեցին է պահպանել է առաջին երեք տիեզերական ժողովների կանոնները, և մինչև այժմ ղեկավարվում է 325թ., 381թ. և 431թ. Եփեսոսի ժողովի կանոններով: Ուշագրավ է այն փաստը, որ քիրստոնեության հավաստի պատմությանը ծանոթանալ ցանկացող ուսումնասիրողները նրա նախնական վիճակի, սկզբունքների և այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ քաղելու նպատակով անպայման գալիս են` հաղորդակցվելու հայոց եկեղեցուն և նրա դավանած կանոններին, սահմանադրությանը, որովհետև դրանք մեզ մոտ պահպանվել են գրեթե նախնական ձևով, ինչպես որ ավանդվել է 5-րդ դարի սկզբից: Այսինքն, լուսավորչականությունն սկզբից ևեթ, իսկապես, հայ առաքելական եկեղեցու ազգային գաղափարախոսության դրսևորումն է եղել: Ուշագրավ է նաև այն փաստը, որ մեր բոլոր եկեղեցական ժողովներին կաթողիկոսների, եպիսկոպոսների, վարդապետների հետ հավասարապես մասնակցել և վճիռներ են կայացրել աշխարհականները: Կաթողիկոսական ընտրությունների ժամանակ հաշվի են առնվել նաև աշխարհականների ձայները: Հոգևոր սկզբունքների հետ միասին, աշխարհիկ կյանքի նկատմամբ հարգանքը ևս մեր եկեղեցին առանձնացնում է մյուսներից: Եվ հենց դա է պատճառը, որ մեր գրեթե յուրաքանչյուր քրիստոնեական տոն ունի իր հեթանոսական կրկնակը: Օրինակ, ապրիլի 7-ի մայրության տոնը, որ նշվում է որպես Մարիամ աստվածածնի հղիության կամ Քրիստոսի մարմին առնելու ավետյաց տոն, իր հիմքում ունեցել է զգաստության և մայրության Անահիտ աստվածուհու տոնը: Հեթանոս հայերն այդ օրը ուռենու ոստեր էին տանում` զարդարելու Ահահիտ դիցուհու մեհյանը Եկեղյաց գավառում և պաշտամունքի մյուս վայրերում:
Նույնն է նաև Վարդավառի պարագայում, որը Աստղիկ դիցուհուն էր նվիրված և այժմ կապվում է Քրիստոսի պայծառակերպության հետ: Քանի որ այդ տոները մեծ ժողովրդականություն էին վայելում, հայոց եկեղեցին իր օգտին ծառայեցնելու համար ընդունում էր դրանք, ինչպես որ դա արվել է լատին եկեղեցու կողմից: Նույնիսկ ծննդյան տոնը լատին եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին, որովհետև այն միացրել են Միթրայի` Արևի աստծո տոնին: Այս իմաստով ևս Քրիստոսի հայտնության հայոց տոնը պահպանել է իր ճշգրիտ օրը` հունվարի 6-ը: Որովհետև ապրիլի 7-ից հունվարի 6-ը ուղիղ ինն ամիս է` երեխայի լույս աշխարհ գալու ժամանակահատվածը: Այս ամենի մասին ես խոսում եմ` ելնելով ուսումնասիրության նյութ ծառայած աղբյուրներից, հատկապես Ագաթանգեղոսի և Վարդան Արևելցու աշխատություններից: Օրինակ, հեթանոսական ժամանակների մասին մեզ բավական տեղեկություններ են տալիս Գրիգոր Լուսավորչի կողմից մնեհյանները քանդելու նկարագրությունները: Էլ չեմ խոսում Խորենացու մասին, որը վերջնական կորստից փրկեց մեր հեթանոսական հերսական անցյալը:
Մի ուշագրավ փաստի մասին էլ եմ ցանկանում հիշատակել: Հետևելով 4 ավետարանիչներին ուղղված Քրիստոսի կոչին` «Քարոզեսցիք Ավետարանս ընդ ամենայն տիեզերս» («Ավետարանները քարոզեցեք ամբողջ աշխարհով մեկ»)` քրիստոնյա քարոզիչները դրա հետ միասին սրբացրին հին կտակարանի ժողովրդի` հրեաների պատմությունը: Եվ դա առաջին իսկ շրջանում` 4-5-րդ դարերում, եկավ մոռացնելու մեր հեթանոսակայն անցյալը: Դրա արտահայտություններից է, օրինակ, այն փաստը, որ 330-ական թվականներին Վրթանես եպիսկոպոսապետը Վաչե Մամիկոնյանի հերոսական նահատակությունից հետո նրան համեմատում է Հին կտակարանի Հուդա և Մադաթիա մակաբեների հետ: Նույն կերպ, 451թ. Ավարայրի ճակատամարտի նախօրեին, Վարդան Մամիկոնյանն է խրախույս կարդում զորքին` նրանց համեմատելով նշված հրեաների հետ:

-Ըստ Եղիշեի՞:

-Այո, ըստ Եղիշեի: Մեր եկեղեցական հեղինակներն այսպիսի ավանդույթ են մեզ թողել: Ղևոնդ Երեցը ևս Ավարայրի ճակատամարտի նախօրյակին մի մեծ քարոզ է կարդում, որտեղ էլի բերում է Հին կտակարանի օրինակները: Ինչո՞ւ: Կարծես թե հայ ժողովուրդը երբեք ոտքի չէր ելել իր երկիրը պաշտպանելու համար, կարծես սխրանք ու քաջություն չէր գործել, երբ մենք մեր աչքի առաջ ունենք Տիգրան Մեծի օրինակը: Աշխարհակալ արքայի, որի մասին Ցիցերոնը գովեստի այնպիսի բառեր է գրում, որ այսօր ապշել կարելի է: Հիմա ինչպե՞ս էր, որ մեզ մոտ չկան այդ հիշատակները: Խորենացին եկավ` վերականգնելու մեր հեթանոսական անցյալը: Հույներն ունեին աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացի: Խորենացին դրա դեմ դրեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը: Հույներն ունեին «Իլիական», «Ոդիսական», Խորենացին դրա դեմ դրեց մեր գողթան երգիչների առասպելներն ու վիպասանությունները… Եվ դժվար թե 451թ. նրանց հիշատակները կենդանի չլինեին: Պարզապես, քրիստոնյա հոգևորականներն այդ ամենը ներկայացրել են կրոնի տեսանկյունից:

Բայց ասեմ, որ ժամանակի ընթացքում այդ բոլորը շտկվեց, և` փառք աստծո… Օգոստոսի 11-ին ես էլ որոշել էի գնալ Գառնի` մասնակցելու ժողովրդական արարողությանը, բայց անձրևը խանգարեց: Այսուամենայնիվ` հեռուստատեսային հաղորդումներում մարդիկ ասում էին, թե հայոց եկեղեցին դեմ է Նավասարդյան տոները նշելուն, Հայկի գաղափարին: Դա պարզապես անիրազեկության դրսևորում է: Հայկը մեկն էր այն 72 նահապետներից, որոնց գլխավորությամբ Աստծո ցասումով կործանված աշտարակից ազգերը որպես պատիժ ցրվեցին աշխարհով մեկ` իրենց հետ տանելով յուրաքանչյուրն իր լեզուն: Աշտարակաշինության հետևանքով կործանվեց միալեզու աշխարհը, Հայկը Բաբելոնից վերադարնալուց հետո հիմնավորվեց Հայաստանում: Ըստ Ագաթանգեղոսի պատմության` այս Հայաստանը` Մեծ Հայքի տարածքը, շնորհված է Աստծո սահմանադրությամբ: «Սահմանադրություն» բառը նշանակում է սահմաններ դնելու հրահանգ: Ուրեմն` Աստծո դրած սահմաններում ստեղծվեց Մեծ Հայքը: Գերմանացի մեծ արևելագետ, հայագետ Հյուբշմանը նշում է, որ անկախ բոլոր իրադրություններից` քաղաքական, կրոնական կամ այլ, հայերի գիտակցության մեջ Մեծ Հայքի սկզբնական տարածքը` ըստ Աշխարհացույցի, եղել է մշտագո, հայերի տեսակետի մեջ չի փոխվել, նրանց բոլոր հեղինակները միշտ խոսում են Մեծ Հայքի այդ տարածքի մասին: Եվ ո’չ միայն հայերը: Ինքը` Պտղոմեոսը, 2-րդ դարում իր «Աշխարհագրության» մեջ Մեծ Հայքի տարածք է նշում Կուր գետից մինչև Եփրատ: Եվ այդ տարածքն անփոփոխ է մնում նույնիսկ բյուզանդական և հունական հետագա հեղինակների մոտ: Ագաթանգեղոսի պատմությունը ընդունում է այդ սահմանադրությունը: Իսկ Հայկը, որ լեզվի տեր դարձած 72 նահապետներից մեկն է, դուրս գալով Բելի դեմ` նրան սպանեց իր հզոր նետի հարվածով, և այդ հաղթանակի օրն է, որ նշվում է Նավասարդյան խաղերով:

-Իսկ դա նշանակու՞մ է, որ հայոց լեզուն հայի ազգային ինքնագիտակցության մեջ բացառիկ տեղ ունի:

-Առաջին հերթին լեզուներն ամրագրվում են մարդու գիտակցության մեջ, երբ նա որոշակի լեզվական բազա ունի իր մեջ: Եվ նախընտրելի է, որ այդ նախնական բազան լինի իր մայրենի լեզուն; Հիշո՞ւմ եք, որ «սովետի» ժամանակ ռուսական կրթությունը դարձել էր, այսպես ասած` պրիորիտետ, առաջնայնություն: Անգամ լուսավորության նախարարը մի անգամ ելույթ ունեցավ և ասաց, թե մանկապարտեզում խաղալիս էլ երեխաները պետք է ռուսերեն խոսեն… Շատ ծնողներ էլ ձգտում էին, որ իրենց երեխաները նախ ռուսերեն սովորեին, հետո նոր հայերեն: Նրանց պատճառաբանությունն ինչ էր` երբ մեծանան, կարողանան մասնագիտական գրքեր կարդալ, օգտվել ռուսական ձեռնարկներից և այլն: Ու չէին մտածում, թե դեռ որքան ջուր կա հոսելու: Դեռ պետք է այդ երեխան ձևավորվի որպես մարդ, անհատ…

-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը «իսլամացած հայերի» նկատմամբ:

-Ես շատ սկզբունքային վերաբերմունք ունեմ այս հարցում: Անցյալ տարի շատ զայրացա, երբ հայկական հեռուստաալիքներով ցուցադրում էին մի աղջկա, որը, իբր, սիրահարվել էր Սիրիայից եկած մի արաբի: Աղջիկը պատմում էր, թե ինչպես երկու կողմերի ծնողները դեմ են եղել իրենց ամուսնությանը, և հարցը լուծվել է, երբ ինքը մահմեդականություն է ընդունել: Իսկ հայկական հեռուստատեսությունը ցուցադրում է այս խայտառակությունը: Եվ ես չգիտեմ, թե ինչո՞ւ մեր եկեղեցին լռում է այս առթիվ: Մի՞թե չի նկատում… Ես նույնքան կընդդիմանամ, եթե մահմեդական արաբը հավատափոխ լինի, որովհետև այդպիսին ամեն ինչի ընդունակ է: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչ դժվարություններ են առաջանում նման ամուսնությունների դեպքում, երբ նրա կրոնը թույլատրում է մինչև 9 ամուսնություն, այն դեպքում, երբ հայկական ընտանիքում կինը չի հանդուրժի ամուսնու անգամ մեկ սիրային արկածը: Հայ կնոջ հոգեբանության մեջ ընտանեկան հավատարմության գաղափարը ամրագրված է, ֆետիշացված է այնքան, որ մեկի հետ բարեհաճ խոսակցությունն անգամ հիվանդագին է ընդունում:
Վերջերս լոզունգի նման հնչում է մի արտահայտություն` մահմեդական հայն էլ հայ է: Թող անակնկալ չհնչի` մահմեդական հայ էր նաև սուլթան Համիդը, որը ձեռնարկեց հայերի հիմնավոր կոտորածները Մուշում, Սասունում, Կիլկիկիայում, և պատմության մեջ մնացել է Կարմիր սուլթան անունով: Չեմ կարող չհիշել Ֆաթալի խանի վեզիրին, որը Դավիթ-Բեկի առջև բերնքսիվայր ընկած` խնդրում էր դադարեցնել կոտորածը: Բեկի հարցին, թե ինչո՞ւ նույն բանը չէր խնդրում իր խանին, երբ կոտորողն իրենք էին, պատասխանում է` որովհետև իմ հավատը հրամայում է ոչնչացնել գյավուրներին, բայց քո հավատը քեզ պարտադրում է ներել: Ու պարզվում է, որ նա այդ մասին գիտեր, որովհետև նախնիները հայեր են եղել: Հեղինակի եզրակացությունը մեկն է` գինուց ստացված քացախն ավելի թունդ է լինում: Իսկ այս պատմությունը բազմաթիվ դրսևորումներ ունի: Այդ թվում` և այն ենիչերիները, որոնցից թուրք սուլթանները կազմավորում էին ընտրյալ զորամիավորումները: Այդ ենիչերիները, որոնք ազգությամբ բուլղարներ էին , հայեր, սերբեր, վրացիներ, հույներ և այլն, ամենակատաղին էին, ստորն ու ամենաանմարդկայինը:
Էլ չեմ խոսում մեկ այլ սպառնալիքի մասին: Հիմա խնդիր է դրված բացել Թուրքիայի սահմանները, իսկ մենք Երևանի կենտրոնում ունենք չվաճառված բազմաթիվ շենքեր, որոնք դեռ սպասում են կրկնակի գումար վճարողներին: Պատկերացրեք, թե ինչքան թուրքեր կգան և մահմեդական հայերի անվան տակ կսեփականեն դրանք հենց Երևանի սրտում: Ադրբեջանցիները և թուրքերը դեռես 1944թ.-ից Հայաստանի սահմանը գծում են ընդամենը Երևանի շրջակայքով և Էջմիածնով: Հիմա մնում է, որ սահմանները բացեն, ու Երևանն էլ դուրս գա մեջտեղից… Ահա այս սպառնալիքները, որոնք սոսկ մտավախություն չեն, մեզ ստիպում են զգուշանալ այդպիսի պրովոկացիոն հայտարարություններից: Որովհետև եթե մահմեդականություն ընդունած հատուկենտ ֆրանսիացին կամ ամերիկացին այդ ազգերի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, ապա մահմեդականացած հայերը մեզ համար իրական սպառնալիք են: Եթե անգամ նրանք անկեղծ ցանկություն ունեն վերստին հայանալ, քրիստոնեություն ընդունել, պատկերացրեք, թե մինչև այդ Երևանում քանի՞ մզկիթ կկառուցեն: Բացի այդ` պարտադիր չէ, որ լեզվով ու հավատով նորից հայանալուց հետո անպայման ապրեն Հայաստանում:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Armar.am

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org