choose language
      [english]   [armenian]   [russian]

Ինքնություն

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Ինքնություն



Վերացրեք ոստիկանական խեղագրությունը
Հեղինակ՝ Գեւորգ Յազըճյան | Ամսաթիվ՝ 23-12-2006 | Տպել



Սփյուռքահայերի անձնանունների խեղագրությունը մարդու իրավունքների խնդիր է [1]

Մոտ տասը օր առաջ, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության (այսուհետ` ՀՀ Ո ԱՎՎ) պետ, ոստիկանության գնդապետ տիկ. Ալվինա Զաքարյանը իր տված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է սփյուռքահայերին տրվող կացության հատուկ կարգավիճակի (այսուհետ` ԿՀԿ) փաստաթղթերում նրանց անձնանունների գրելաձեւի խնդրին:
Ինչպես հայտնի է, այս խեղագրությունը հարուցել է եւ շարունակում է հարուցել այդ փաստաթղթերն ստացած համարյա բոլոր սփյուռքահայերի խոր վրդովմունքը: Այս մասին հրապարակումներ են եղել հայրենական եւ սփյուռքահայ մամուլում: Այնուհանդերձ, խեղագրությունը շարունակվում է … հարվածային տեմպերով: «Շնորհիվ» ՀՀ պանծալի ոստիկանության, մասնավորաբար նրա հիշյալ վարչության, հիանալիորեն լուծվել է հայերենի ուղղագրության միասնականացման խնդիրը. Մեսրոպյան (դասական) եւ աբեղյանական (սովետական) ուղղագրության կողքին երեւան է եկել մի «ուղղագրություն», որին մենք մկրտում ենք «ոստիկանական» բառով: Այլ կերպ կարելի էլ չէ կոչել «Գէորգ»-«Գեւորգ»-ի փոխարինումը «Կեվորկ»-ով, «Տիգրան»-ի փոխարինումը «Դիկրան»-ով, «Կարապետ»-ը` «Գարաբեդ»-ով, «Ժան»-ը` «Ժեան»-ով, «Ծովիկ»-ը` «Դզովիգ»-ով (դզող-փչող ոստիկան-լեզվաբանների թեթեւ ձեռքով, հնարավո՞ր է որ մի օր էլ ունենանք «Դզողիկ»…), «Ժակ»-ը` … «Ժագկվես»-ով եւն. եւն. եւն.:

Ազնվափայլ տիկին Զաքարյանը իր հիշյալ ասուլիսի ժամանակ ոգի ի բռին պաշտպանել է իր ղեկավարած վարչության տված սխալ անունները: Ավելին, նա արտահայտել է մտքեր, որոնք ցանկանում ենք պարզել այստեղ եւ հայտնել մեր կարծիքը դրանց նկատմամբ: Հարմար ենք գտնում դա անել կետերով:

1. Տիկ. Զաքարյանն ասել է, թե սփյուռքահայերի «ոստիկանական» փաստաթղթերի անունների համար «հիմք են ծառայում նրանց քաղաքացիության երկրի մարմինների տված անձնագրերի տվյալները» եւ թե իրենք «իրավունք չունեն դրանք որեւէ փոփոխության ենթարկել»: Տիկինը նույնիսկ վրդովվել է. «Իսկ ինչո՞ւ այդ անձերը իրենց երկրում անձնագիր ստանալուց չեն պահանջում, որ իրենց անունը ճիշտ գրվի: Համակերպվում են ամենատարբեր սխալների հետ ու փաստի առաջ ենք կանգնում»:
Մի կողմ թողնենք այն, որ ԿՀԿ ստացող սփյուռքահայերի մեծագույն մասը իրենց «երկիրը» համարում են ոչ թե իրենց բնակության եւ/կամ քաղաքացիության երկիրը, այլ` հենց Հայաստանի Հանրապետությունը, ավելի ճիշտ` Հայաստան-Հայկական բարձրավանդակը: Նրանց համար` «երկիր» հասկացությունը նույնացվում է «Հայրենիք» հասկացության հետ: Սա կարող է «մանրուք», ամբոխավարություն կամ էժան հայրենասիրություն թվալ, սակայն, հենց ՀՀ իշխանություններն են (նույնիսկ` ՀՀ նախագահը) այդ քարոզն անում, հատկապես երբ հասնում է կովը կթելու ժամանակը (ինչպես վերջերս` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի նախօրյակին եւ ընթացքում):

ա. Ի՞նչ անենք, որ պետություններից շատերի պետական լեզվի այբուբենում չկան հայոց այբուբենի հնչյուններին համապատասխանող բոլոր տառերը եւ հայերենի բոլոր հնչյունները: Մյուս կողմից, տվյալ պետությունները, իրենց քաղաքացիների անունները փաստաթղթերում լատինատառ ձեւակերպելիս, ելնում են իրենց պետական լեզվով (եւ ոչ թե հայերենում) գրելաձեւից: Օրինակ, արաբերենը չունի «վ», «ե», «է» տառերը, ռուսերենը` «հ» տառը եւ այլն, հետեւաբար, «Վահե» անունը արաբերենով գրվելու է կամ «Ուահա», կամ էլ «Ուահի», իսկ «Հովհաննես»-ը ռուսերենում` «Օգանես»: Այստեղից էլ, լատինատառ դառնում են «Waha» կամ «Wahi» եւ «Oganes(s)»: Բայց հո ԱՎՎ-ի աշխատակիցները պետք է իմանան, չէ՞, որ անձի անունը հայերենով ոչ թե «Ուահա» կամ «Ուահի» եւ «Օգանես» է, այլ` «Վահե», «Հովհաննես»: Այդ անունների տեր սփյուռքահայերը ցանկանում են գոնե իրենց հայրենական պետության տված փաստաթղթերում ճիշտ կոչվել, մանավանդ, որ ԿՀԿ փաստաթղթերը օտար պետությունները չեն ճանաչում: Ինչո՞ւ այլ պետություններ մեկնում են իրենց պետական լեզվից (եւ շատ էլ ճիշտ են անում, հո ՀՀ չեն, ուր նույնիսկ պետական մարմիններում խայտառակ վիճակում է հայտնվել պետական միակ լեզուն` ամենաթողության պայմաններում), իսկ ՀՀ պետական մարմինները մեկնում են … օտար պետությունների լեզուներից (մաքուր հայերեն` «Վահե», արաբական գրությամբ` «Ուահի» կամ «Ուահա», վերջինիս հիման վրա` ՀՀ «ոստիկանական հայերենով»` նորից «Ուահի» կամ «Ուահա»): Մեր անխախտ համոզմամբ, ՀՀ-ում պետք է ամեն ինչի հիմքերի հիմքում դրված լինի հայոց լեզուն` անմրցակից կերպով: Այլապես, այս տարածքը կարելի է ամեն ինչ կոչել, բայց ոչ` Հայաստան:

բ. Տիկ. Զաքարյանի «տրամաբանությամբ», որպեսզի իր ղեկավարած մարմինը «Ժան»-ը գրի հենց «Ժան» եւ ոչ թե «Ժեան», «Ժակ»-ը` «Ժակ» եւ ոչ թե «Ժագկվես» եւն., պահանջում է, որ այդպիսի անուններ ունեցող սփյուռքահայերը կռիվ տան իրենց պետություններում: Այ քեզ բան: Հո ֆրանսիացիք, լիբանանցիք եւ այլք այնքան հիմար չեն, որպեսզի ինչ-որ հայանուն Ժաների, Ժակերի եւն.ի համար փոխեն այդ անունների ֆրանսերեն գրելաձեւը եւ դրանք գրեն Jan, Jak, եւն. տեսքով, ինչ է թե ՀՀ-ում ինչ-որ «գրագետ» ոստիկաններ բարեհաճեն հայերենով ճիշտ գրել այդ անունները` «Ժան», «Ժակ», եւն.: Ֆրանսիացու (նկատի ունենք ինքն իրեն ու իր մայր լեզուն հարգողին) համար, «Ժակ»-ը գրվում է միայն եւ միայն «Jacques» ձեւով, «Ժան»-ը` «Jean», «Շարլ»-ը` «Charles» եւն.: Եվ ոչ մէկ սփյուռքահայ կամ այլ մարդ չի կարող որեւէ կերպ ստիպել Ֆրանսիայի (Լիբանանի եւ այլ երկրների) համապատասխան պետական մարմիններին` այս գրելաձեւից տարբեր կերպ գրել (Ֆրանսիայում լեզվի պաշտպանության մասին օրենքը հիանալիորեն գործում է, Ֆրանսիան հո ՀՀ-ը չէ, ուր Լեզվի պետական տեսչությունը միշտ էշի ականջում քնած է եւ նրա պետը միայն նվնվում է հաստիքների ու բյուջետային հատկացումների սակավությունից, հոգն էլ չէ ոստիկանական խեղագրությունը` բազմաթիվ հրապարակումներից հետո նույնիսկ…):
Այս առթիվ, հարց տանք տիկ. Զաքարյանին: Ինչպես հայտնի է, Շարլ Ազնավուրը արժանացել է ՀՀ քաղաքացիության, հետեւաբար, ենթադրում ենք, նրան տրվել է ՀՀ քաղաքացիության փաստաթուղթ: Իսկ ինչպե՞ս է գրվել աշխարհահռչակ երգչի հայերեն անձնանունը` «Շա՞րլ», «Շարլե՞ս», թե՞ մի գուցե «Սհարլես»: Բայց չէ՞ որ նրա անունը ֆրանսերենում (ֆրանսիական անձնագրում) գրվում է «Charles» ձեւով: Եթե Ազնավուրի անունը հայկական` իր հայրենական պետության անձնագրում Շարլես կամ Սհարլես է, դա արդեն խայտառակություն է, իսկ եթե ճիշդ ձեւով է` Շարլ, այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում. ի՞նչ մեղք ունեն «Շարլ» անունը կրող մյուս սփյուռքահայերը, որ ՀՀ Ո ԱՎՎ-ը նրանց տալիս է ոչ «Շարլ» անունով անձնագրեր: Ի՞նչ է, մեկին կարելի է, մյուսներին չի՞ կարելի: Ո՞ւր են այստեղ տրամաբանությունն ու արդարությունը, մարդկանց հավասարության ՀՀ սահմանադրական դրույթը: Նույն տրամաբանությամբ, ինչո՞ւ Jacques Chirak-ը հայերենում գրվում է «Ժակ Շիրակ», բայց, օրինակ, խեղճ ոմն Jacques Donabedian-ը իր հայրենական պետության տված փաստաթղթում դառնում է «Ժագկվես Դոնաբեդյան»… Սրանից հետո դեհ արի ապացուցիր, որ ֆրանսերենով «Jacques Donabedian», արեւմտահայերեն-դասական ուղղագրությամբ` «Ժաք Տօնապետեան» անունով անձը նաեւ «Ժագկվես Դոնաբեդյան»-ն է: Նույն անձը երկատվում-եռատվում է հոգեբանորեն, այսինքն` հայտնվում է հոգեբույժի այցելելու կարիքի մեջ: Սա չափազանց լուրջ խնդիր է, իսկ ՀՀ Ո ԱՎՎ-ն շատ հեշտությամբ, ՀՀ ոստիկանությանը պատշաճող հանրահայտ «բարեկրթությամբ» է լուծել խնդիրը. գլխացա՞վ ունես` գլուխդ ենք կտրում եւ ազատվում ես ցավից, մենք էլ քեզանից ենք ազատվում: Մի բան էլ շնորհակալ պիտի լինես մեզ, որ քեզ փրկեցինք այդ ցավից…

գ. Տիկ. Զաքարյանը մեղադրում է ԿՀԿ դիմում կատարող սփյուռքահայերին, որ նրանք «համակերպվում են ամենատարբեր սխալների հետ» եւ իր վարչությանը ավելորդ գլխացավանք պատճառում: Նախ, ազնվափայլ տիկինը որտեղի՞ց գիտի, որ այդ մարդիկ համակերպվում են ոչխարի նման: Սակայն, այդ մարդիկ չեն կարող ստիպել (դրա օրինական իրավունքն էլ չունեն), որ արաբը «Վահե» անունը գրի արաբերենով եւ լատինատառ «Վահե», ռուսը` «Հովհաննես»-ը` կյուրեղատառ եւ լատինատառ` «Հովհաննես»… Տիկ. Զաքարյանը ճիշտ կլիներ միայն այն դեպքում, եթե տվյալ երկրի պետական լեզվի այբուբենն ունենար նման հնարավորություն, այդ պետության` անձնագիր տվող գերատեսչության աշխատակիցը թույլ տար անվանասխալ, իսկ խնդրո առարկա սփյուռքահայը համակերպվեր: Այդուհանդերձ, այս դեպքում եւս տիկ Զաքարյանն ու իր նման մտածողները բացարձակապես ճիշտ չեն: Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ երկրի իշխանությունները դիտավորյալ կերպով եւ անձի կամքին հակառակ, խեղաթյուրում են նրա անուն-ազգանունը կամ ամբողջովին նոր անուն պարտադրում նրան: Այդպիսի երկու-երեք հիանալի հարեւաններ ունենք` թուրքերն ու վրացիները, որոնցից երկրորդը Սահակյաններին դարձրել եւ դարձնում է Սաակաշվիլի, Գեւորգյաններին` Գեորգաձե եւն., իսկ առաջինը` Անդրանիկ անձնանունը` Էնթեր, Մարգարյանը` Մարգարօղլու եւն.: Այսպիսի պարտադրյալ խեղաթյուրված անուն-ազգանուն ունեցողները իրավունք չունե՞ն ՀՀ ԿՀԿ ստանալիս վերականգնելու իրենց իսկական, հայահունչ անունները: Մեր կարծիքով` միանշանակորեն ունեն: Թուրքը իր թուրքությունը անում է (եւ ճիշտ է անում, ի վերջո` թուրքը թուրք է), վրացին` իր վրացիությունը, բորենին` իր բորենիությունը… Մենք ենք երեւի միակ «հարիֆ»-ը. մենք էլ մեր հայությունն անելու փոխարեն` վավերացնում ենք թուրքի արած թուրքությունը, վրացու` վրացիությունը, ռուսի` ռուսությունը եւն. եւն.: Սա ամոթ չէ՞ միթե, մանավանդ որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ղեկավարում է նժդեհյան-ցեղակրոն (՞) վարչապետ Անթրանիգ Մարկարյանը (եթե նա սփյուռքահայ լիներ, այսպիսի մի անվան նրան կարժանացներ ԱՎՎ-ը), իսկ իշխանական լծակների հիմնական մասին տիրել են ամեն րոպե ազգային արժեքներից բարբառողները` իրենք իրենց ազգայնական հռչակած ՀՅԴ-ն եւ ցեղակրոն-պահպանողական հռչակած ՀՀԿ-ն: Այս երեւույթի գոյությունն իսկ նրանց իշխանության օրերին` պարզապես խայտառակություն է:

Մյուս կողմից, տիկ. Զաքարյանն ու ընկ. պատկերացնո՞ւմ են այսպիսի մի իրադրություն. «օղլու» ազգանունով տրված ԿՀԿ-ով մեկի երեխան խաղում է խաղահրապարակում, գնում է դպրոց եւն. եւ նրա հասակակիցները իմանում են նրա «օղլու» լինելը: Ի՞նչ է լինելու խեղճ երեխայի հոգեբանության հետ, երբ նրան ձեռ են առնելու «թուրք» կանչելով. թե երեխան եւ թե նրա ծնողները զզվելու են ՀՀ-ից էլ, հայությունից էլ, ապրելու են ամենամեծ ողբերգությունը` սեփական հայրենիքում օտարումը հայրենիքից եւ ազգային ինքնությունից… համալրելով արտագաղթողների բանակը: Սա՞ են ցանկանում ԱՎՎ-ի աշխատակիցները:

2. Տիկին Զաքարյանը հայտնում է, թե չեն կարող «որեւէ բան փոխել, որպեսզի ավելորդ բարդությունների ու քաշքշուկների առաջ չկանգնեցնենք նրանց (ԿՀԿ ստացող սփյուռքահայերին)»: Բայց, տիկ. Զաքարյանն ու նրա ստորադասները համարյա բոլորին արդեն կանգնեցրել են նման վիճակներում` այն էլ հենց ՀՀ-ում (կրկնենք` ՀՀ + ԼՂՀ սահմաններից դուրս ՀՀ ԿՀԿ փաստաթուղթը չի ճանաչվում): Օրինակ, հենց իմ պարագան. 1996թ. մարտին առաջին անգամ ԿՀԿ ստացել եմ (ի դեպ` հենց տիկ. Զաքարյանի ձեռքից, որն այն ժամանակ էլ ղեկավարում էր նույն վարչությունը)` Գեւորգ Յազիչյան անուն-ազգանունով, իսկ տասը տարի հետո նույն փաստաթուղթը ստացա … Կեվորկ Յազեջյան ձեւով: Իրավական տեսակետից, ես այլեւս նույն մարդը չեմ, եւ առաջին անվանաձեւերով բոլոր իրավահարաբերություններս անիմաստ են դառնում (օրինակ` Քասախ գյուղում իմ հողի սեփականատերը այլեւս ես` ըստ ԱՎՎ-ի Կեվորկ Յազեջյանս չեմ, այլ` «անգո» դարձած Գեւորգ Յազիչյանը): Դիմել եմ իրավաբանների, որոնք հարցի լուծումը տեսնում են միայն եւ միայն դատարանում: Ի՞նչ է, գործ ու բան չունե՞նք, որպեսզի ՀՀ Ո ԱՎՎ աշխատակիցների ինքնագլուխ արարքների համար դատարանների դռներն ընկնենք: Մեկ այլ հարց է ծագում. կամ առաջին անվանաձեւն էր սխալ, կամ նորը, երրորդ տարբերակ չի կարող լինել այստեղ: Եթե առաջինն էր ճիշտ, ինչո՞ւ այն փոխեց ԱՎՎ-ը ինքնակամ կերպով: Իսկ եթե դա սխալ էր, ո՞վ է կրում պատասխանատվություն այն բանի համար, որ ես տասը տարի կրել եմ սխալ անունով փաստաթուղթ: Պատասխանը միանշանակ է` հենց ԱՎՎ-ը: Բայց միթե՞ նա պատասխանատվություն է կրում: Քավ լիցի` ամենաթողության այս երկրում նման հարցադրումն իսկ հիմարություն կլիներ մեզ համար: Մյուս կողմից, մի անգամ էլ կրկնենք. մարդը հոգեբանորեն նույնանում է իր ծննդից քիչ անց իրեն տրված անվան հետ, եւ առանց նրա ցանկությանը, ոչ ոք, շեշտում եմ` ոչ ոք իրավունք չունի փոխել նրա անունը: Դա մարդու իրավունքների ոտնահարում է: Տիկին Ալվինա Զաքարյանի դուրը կգա՞ր եթե նրա անունը փաստաթղթերում նշեին այլ կերպ, ասենք` Ալբինա, Մալվինա… Ի հարկե` ոչ: Բայց ինչո՞ւ է նրա ղեկավարած մարմինը փոխում մարդկանց անունների գրելաձեւերը, նույնն է` անունները, հոգեբանական ահռելի հարված հասցնում նրանց: Ո՞ր իրավունքով: Տիկ. Զաքարյանը այս հարցումին պատասխանել է` «օրենքով ենք դա անում»: Այս պարագան չի կարող արդարացում լինել սփյուռքահայերի անձնանունների հետ ըստ կամս ձեռնածության համար, քանի որ, միեւնույնն է` օրենքի ոգին ընդհանրապես չկա այստեղ, այլ` վերցվել է ընդամենը օրենքի տառը եւ ուրիշ ոչինչ: Իսկ նման ձեւով մոտեցումը օրենքներին` շատ ավելի վատ է, քան օրենքը չկիրառելը:
Հայտնենք, որ ԱՎՎ-ի տված ԿՀԿ փաստաթղթերում տրամաբանություն չկա նաեւ լատինական տառերի հայկականով համապատասխանեցումներում: Օրինակ, «Գրիգոր»-ը (լատինատառ` Krikor` ըստ արեւմտահայերենի հնչյունաբանության) մի դեպքում դառնում է «Կրիկոր», մեկ այլ դեպքում` «Քրիքոր», մինչդեռ թե արեւելահայերենում եւ թե արեւմտահայերենում ճիշտ գրելաձեւը «Գրիգոր»-ն է: Չեինք իմանում, թե հրաշալի լեզվագետներ ունենք ՀՀ ոստիկանությունում, որոնց նմանը աշխարհը չունի: Վերջիններիս խելքի փչած ժամանակ, հայկական «Գագիկ» անուն կրողները, նման կամայականության դեպքում, կարող են հայտնվել … անհարմար վիճակում (իմ բարեկամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Գագիկ Գագյանի բախտը իսկապես որ շատ բերել է, որ … սփյուռքահայ չի ծնվել եւ ԿՀԿ փաստաթղթի համար ՀՀ Ո ԱՎՎ կամ ՀՀ արտասահմանյան հյուպատոսական բաժին չի դիմել):

3. Տիկ. Զաքարյանը հայտնում է, թե ԱՎՎ-ում անձնանունների թարգմանությունը «կատարվում է ավտոմատ ծրագրով»: Սա ինձ հիշեցրեց Հայրենիք-Սփյուռք երկրորդ համագումարի փաստաթղթերից մեկը, բազմացված հազարավոր օրինակով: Դա հեղինակվել է անգլերենով (պատկերացնո՞ւմ եք, ՀՀ արտգործնախարարությունում թքել են ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի վրա) եւ թարգմանության համար տվել համակարգչային ավտոմատ թարգմանչի եւ չեն էլ բարեհաճել գոնե մի անգամ ընթերցել համակարգչի «թարգմանածը» (խեղճերը շատ են զբաղված … համակարգչային խաղերով): Եվ ի՞նչ. հարյուրավոր սխալներ, օտարաբանություններ… Օրինակ, «Օդի տուրք»-ը դարձել էր, որ ավել ոչ պակաս, «օդի թուրք»: Խնդա՞ս թե լաս… Ի հարկե` մենակ պետք է լալ, որովհետեւ, նման ընթացքով, ՀՀ-ը որպես հայկական պետություն անխուսափելիորեն կգնա կործանման:

Նույն «տրամաբանությամբ» էլ առաջնորդվում են ՀՀ Ո ԱՎՎ-ում: Մի՞թե դժվար է օրական ընդամենը 10-15 ԿՀԿ ձեւակերպող ԱՎՎ-ում թարգմանությունը կատարել ոչ թե ավտոմատ ծրագրով, այլ` առանց համակարգչի միջամտության, ընդամենը հայերենի մեկ լեզվագետի ԱՎՎ ընդգրկումով: Ի վերջո, յուրաքանչյուր ԿՀԿ-ի համար գանձվում է 150 հազար դրամ, այսինքն` աշխատանքային յուրաքանչյուր օրում պետբյուջե մուտք է լինում 1.500.000-2.250.000 (ըստ տիկ. Զաքարյանի, այս տարվա առաջին 9 ամիսներին տրվել է 2276 ԿՀԿ փաստաթուղթ, այսինքն` մուտք է եղել մոտ 700 հազար ամ. դոլար): Հնարավոր չէ՞ միթե նրա չնչին մի գումարը հատկացնել խելքը գլխին մի լեզվագետի, որպեսզի այս խայտառակությունը բացառվի: Նույնիսկ եթե դա չլինի, ընդամենը 40-50 անձնանուն «թարգմանելը» (դա էլ չհասկացանք. հայկական անունը ինչպե՞ս կարելի է թարգմանել … հայերենի) շա՞տ է դժվար ԱՎՎ-ի մեր «գերզբաղ» աշխատակիցների համար: Բայց ոչ, ի~նչ ենք ասում: Դա եւս բացառվում է ըստ տիկ. Զաքարյանի, քանի որ այդ դեպքում էլ «ծրագրային գործողություն է կատարվելու, որը տրամադրել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը»: Մի խոսքով, մեղքի մի բաժին էլ գցվել է սույն գիտական հիմնարկի վրա` քողարկելու համար ԱՎՎ-ի սեփական … անգրագիտությունը եւ ծածկելու համար գործված ավերը փաստաթղթերում եւ մարդկանց հոգիներում: Լեզվի ինստիտուտի ո՞ր աշխատակիցը «Խաչատուր»-ը կգրեր «Խաչադուր», «Ժան»-ը` «Ժեան» եւն.: Դրա համար, նրան դուրս կշպռտեին ինստիտուտի … պատուհանից:

4. Իր մամուլի ասուլիսում, տիկ. Զաքարյանը դժգոհում է, թե անձնագրեր ձեւակերպողները «երիտասարդ գրագետ մասնագետներ են, մրցույթով անցած եւ 20 հազար դրամով չեն կարող գալ առավոտից մինչեւ երեկո հատ-հատ անձնագիր տպագրեն»:
Նախ` եթե «գրագետ»-ներն են լեզվական այսպիսի, կներեք արտահայտությանս համար, աղբ արտադրում, «անգրագետ»-նե՞րը ինչ էին անելու, Աստված իմ… Երկրորդ` մեր` հարկատուներիս խնդիրը չէ, որ այդ «մասնագետները» (՞) ընդամենը 20 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Մենք հարկատու ենք եւ կատարում են մեր պարտավորությունները որպես այդպիսիք: Խնդրեմ, պետությունն էլ թող մեր վճարած հարկերը արդար կերպով վերաբաշխի եւ ոչ թե աչք փակի հարկերից խուսափող հաստավիզ եւ անգրագետ մարդակերպ էակներից, որոնց մի մասը բազմել է ՀՀ Ազգային ժողովում, ամեն վայրկյան հոշոտում-բռնաբարում է հայոց լեզուն եւ սեփական ու ախպեր տղերքի աշխատավարձերը բարձրացնելու անբարոյական օրենքի նախագծեր է մշակում: Երրորդ` որքան հիշում եմ, 1996 թ., երբ ստացել եմ իմ առաջին ԿՀԿ փաստաթուղթը, այն էլ` աբեղյանական «ուղղագրությամբ» ճիշտ գրված, ԱՎՎ-ի աշխատակիցների աշխատավարձը, դրամով թե դոլարային համարժեքով, շատ ավելի ցածր է եղել, քան այսօր: Սակայն, ինչպես երեւում է, աշխատավարձի բարձրացումը բերել է որակի ոչ թե բարձրացմանը, այլ` ահավոր անկմանը, մարդկանց անունը խայտառակելու աստիճանի:

5. Անձնանունները, հատկապես ազգանունները, ինչպես նույնինքն բառն է հուշում, կրում են պատմական տեղեկություն(ներ) տվյալ անհատի հորական նախնիների մասին: Հետեւաբար, ազգանվան որեւէ խեղաթյուրում հավասար է պատմության խեղաթյուրման, որի համաշխարհային անգերազանցելի վարպետները թուրքերն են ու նրանց ցեղակիցները մեր երկրի արեւելյան կողմում: Պատմության խեղաթյուրումը թուրքական մեթոդ է, իսկ ԱՎՎ-ը, խեղաթյուրելով սփյուռքահայերի ազգանունները, ինքնաբերաբար, ակամա կերպով խեղաթյուրած է լինում նրանց տոհմի պատմությունը: Իսկ դրա իրավունքը նրանք ոչ մի դեպքում չունեն: Դա աղաղակող անօրինականություն է: Օրինակ, իմ հալեպցի մեկ բարեկամը` Մարտիկյան ազգանունով, կատաղել էր իր ԿՀԿ-ում հայտնաբերելով իր ազգանվան խեղաթյուրումը «Մարդիքյան»-ով, ինչ է թե իր սիրիական անձնագրում լատինատառ գրվել է Mardikian: Սիրիացի արաբ պաշտոնյան ուրիշ ի՞նչ կերպ գրեր հայկական այդ ազգանունը եթե արեւմտահայերենում «Մարտիկ»-ը հնչվում է «Mardig» եւ ոչ թե «Martik», իսկ արաբերենում չկա լատիներենի «g» = արեւելահայերենի «գ» տառի հնչյունին համապատասխանող տառ: Նույնիսկ եթե լատինատառ գրված լիներ Martikian, ոչ մեկ երաշխիք չկա, որ ԱՎՎ-ի ամենագետները այդ ազգանունը հայերենում կարող են «թարգմանել» Մարթիկյան կամ Մարթիքյան ձեւերով: Իմ բարեկամի ազգանունը ծագել է Սասունի 1904 թ. ապստամբությանը մասնակցած եւ նրա ընթացքում զոհված իր հոր պապի` Մարտիրոսի (փաղաքշական ձեւով` Մարտիկի) անունից: Նա ինձ հարց էր տալիս, թե ի՞նչ իրավունք ունեն անարգելու իր նահատակ նախնու հիշատակը, ինչո՞ւ «Մարտիկ» անունը ՀՀ-ում վերափոխում են «Մարդիք»-ի: Այս հարցումները վերահասցեագրում եմ ԱՎՎ-ի «գրագետ-մասնագետ»-լեզվագետ-ոստիկաններին:
Եվ վերջում, եւս մեկ պարզաբանում, որը թեեւ չի վերաբերում բուն հարցին, սակայն առնչվում է նրան, քանի որ բոլոր հայերը բախվում են այդ խնդրին: Դա ազգանվան «յան»-ը լատինական «y» թե՞ «i» տառերով գրելուն է վերաբերում: Տիկ. Զաքարյանը «գյուտ» է արել, հայտնելով թէ «y»-ը ամերիկյան անգլերենով է, «i»-ն` բրիտանական անգլերենով: Այդպիսի բան չկա: ԱՄՆ-ում ազգանունները, նաեւ անունները, գրվում են այնպես ինչպես դրա տերն է ցանկանում (մեր չինովնիկների համար «գլխավոր էտալոն» համարվող ԱՄՆ-ին նույնիսկ այս հարցում հասնելու համար, շատ հաց ու պանիր դեռ պետք է ուտենք), եւ մեր հայրենակիցների մեծ մասի, գոնե «դասական» (նախնիները արեւմտահայ) ամերիկահայերի համարյա բոլորի ազգանունները ավարտվում են «ian»-ով: Մյուս կողմից, էլի տրամաբանական մի հարց. ո՞րն է մաքուր անգլերենը` ամերիկյա՞նը թե բրիտանականը: Իհարկե` երկրորդը, քանի որ առաջինը ածանցվել է երկրորդից եւ որոշ փոփոխություններ կրել ժամանակի ընթացքում: Հետեւաբար, որեւէ երկրում անգլերենը հիմք ընդունելիս (գոնե պետական մակարդակում), առաջնորդվում են բրիտանական անգլերենով եւ ոչ թե «ամերիկերենով» ինչպես ՀՀ-ում, ինչքան էլ ամերիկյան համաշխարհայնացումը փորձում է կուլ տալ նաեւ բրիտանական անգլերենին:
Այս հրապարակումով դիմում ենք ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, ՀՀ Սահմանադրական դատարանին, իրավապաշտպան կազմակերպություններին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` պահանջելով վերականգնել մեր անուն-ազգանունների իսկական գրելաձեւը, որը, նորից եմ շեշտում, տվյալ չափահաս անհատի բացարձակ իրավունքն է, նրա անձնավորության արտահայտման հիմնական ձեւերից մեկը:
Վերացրեք «ոստիկանական ուղղագրությունը»: Վերադարձրեք մեզ մեր իսկական անունները, մեր ինքնությունը, մեր էության անբաժան մասը: Սա չենք խնդրում, սա պահանջում ենք: Սա մեր բնական եւ օրինական իրավունքն է:

ի հեճուկս «ոստիկանական» Կեվորկի` Գեւորգ Յազըճյան
23 Դեկտեմբեր 2006,
«Ազգ»

----
[1] 27 Նոյ. 2006-ին յանձնեցի Յակոբ Աւետիքեանին` «Ազգ» թերթին մէջ տպագրուելու համար: Նոյնութեամբ լոյս տեսաւ «Ազգ»-ի 23 Դեկտեմբեր 2006-ի քաղաքական-հասարակական ներդիր-յաւելուածին մէջ, էջ Է-Ը

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org