Հակերային հարձակում պետական մարմինների կայքէջերի վրա

Անցած շաբաթ, մասնավորապես պետական մարմինների նկատմամբ, իրականացվել է զանգվածային հակերային գրոհ, որի մասին «Ուրբաթ» ակումբում խոսել են տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատակարարող «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ հարձակում իրականացնողները պաշտոնապես ներկայացել են որպես արաբական հակերներ, սակայն չի բացառվում, որ դրանք լինեն նաև ադրբեջանական և թուրքական հակերային խմբեր։

Նա նաև նշել է, թե այն փաստը, որ հարձակում է գործվել ավելի լուրջ կայքերի նկատմամբ, վկայում է ադրբեջանական հակերների պատրաստվածության մասին։

-Վերջին երկու տարին ես կկապեի նրա հետ, որ ադրբեջանական գործակալություններն սկսել են այդ ոլորտում գործող երիտասարդներին հավաքագրել։ Հակերներն աշխտում են կայքի կոնտենտը փոխելու վրա։ Կարելի է ասել՝ իրենք պատրաստվում են պատերազմական գործողությունների կիբեր տարածության մեջ, որտեղ փորձում են իրենց ուժերը, թե որքանո՞վ է հնարավոր հարձակման պահին հայկական տեղեկատվական դաշտը փոխել։ Փորձում են նաև տանել տեղեկատվական շտեմարանները, ինչն այս անգամ չի եղել,- ասելէ Սամվել Մարտիրոսյանը։

Գրիգոր Սաղյանը նշել է, որ նման զանգվածային գրոհ իրենք առայսօր դեռ չէին գրանցել, ինչը մեծ խնդիր է, և այդ խնդրին պետք է շատ լուրջ վերաբերվել.

-Կառավարությունը մշակում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, որն ընդգրկում է մի շարք ճյուղեր։ Հույս ունեմ, որ մինչև շաբաթվա վերջ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կիրականացվեն, որ բոլոր տեսակի գրոհներից զերծ մնանք։

Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: