«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի բաց նամակը Վրաստանի նախագահ պարոն Միխեիլ Սահակաշվիլիին

Մեծարգո պարոն Նախագահ

Վրաստանի անկախացումից հետո Գամսախուրդիայի եւ Շեւարդնաձեի վարչակարգերը որդեգրեցին Ջավախքի խնդիրների արհամարհման եւ մեզ` զավախքահայերիս անջատողական ընկալելու եւ այդ երեւակայական անջատողականությունը ճնշելու քաղաքականություն: Դուք նույնպես, ցավոք սրտի, շարունակեցիք Ձեր նախորդների անհեռատես քաղաքականությունը` ջավախքահայությանը ներկայացնելով որպես երկրի ամբողջականության համար հույժ վտանգավոր տարր, իսկ այն հանգամանքը, որ Ջավախքը դեռ չի անջատվել, վերագրեցիք Ձեր ճկուն նախզգուշական միջոցառումներին:

Ամբողջ աշխարհով մեկ Դուք սկսեցիք թմբկահարել, որ ջավախքահայերին համահավասար եւ «ինտեգրված» քաղաքացի լինելու համար բացակայում է միայն վրացերենի իմացությունը, սակայն այդ “կամակոր” եւ “երախտամոռ” քաղաքացիներն իրենց համառությամբ տապալում են պետության կողմից ձեռնարկվող լեզվի ուսուցման բազմամիլիոնանոց ծրագրերը…

Պարոն Նախագահ, հավատացեք, որ եթե ցանկություն կա սովորելու, ապա ցանկացողին չի կարող խոչընդոտել ո՜չ մի հանգամանք: Եվ ընդհակառակը, եթե նման ցանկություն չկա, ապա ո՜չ մի գումար, ո՜չ մի պարտադրանք, ո՜չ մի ճնշում չեն կարողանալու 21-րդ դարում մարդուն ստիպելու անել այն, ինչ իր կամքին հակառակ է: Վատագույն դեպքում նա կբռնի բողոքի եւ արտագաղթի ճանապարհը…

Ուստի, պետք է ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վրաստանում բնակվող յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ անհրաժեշտություն զգա տիրապետելու վրացերենին: Բայց որպեսզի նման պետք առաջանա, անհրաժեշտ է Վրաստանում բնակվող բոլոր ժողովրդների հավասարությունը, օրենքի գերակայությունը ու ազատությունը երաշխավորող գործնական քայլեր ձեռնարկել: Գլխավորը սա’ է:

Մինչդեռ, Դու’ք` բանտի, դատախազության, ոստիկանության եւ դատարանի նոր շենքեր կառուցելուց, զինվորական ոստիկանության եւ շրջանային ոստիկանների թիվը կրկնապատկելուց, հատուկ ծառայությունների տեղական կառույցները հզորացնելուց, ինչպես նաեւ ջավախքահայության իրավունքների` այսինքն տարածաշրջանի իրական, այլ ո՜չ թե ձեւական եւ ժամանակավոր կայունության համար պայքարող անձանց հետապնդելուց եւ արտաքսելուց բացի ուրիշ ոչինչ չկարողացաք առաջարկել ջավախքահայությանը:

Մեծագույն սխալ էր նաեւ Ջավախքը մահակի տակ պահելու տեսանկյունից առանցքային հանդիսացող Ախալքալաքի ոստիկանապետի պաշտոնում մեծ եւ փոքր սադրանքներ կազմակերպելու ընդունակություններով օժտված մարդու նշանակումը եւ նրան ջավախքահայությունը «սանձի տակ» պահելու անսահմանափակ լիազորություններով օժտելը: Արդյոք, Ձեզ համար պարզ չէր, որ հալածանքների միջոցով կարելի է հասնել լոկ կարճաժամկետ «հաջողությունների», իսկ երկարաժամկետ առումով դրանք միմիայն ավելացնելու են ջավախքահայության մեջ անվստահության եւ օտարման երեւույթները վրացական իշխանությունների նկատմամբ: Իսկ գուցե դա՞ էր Ձեր նպատակը:…

Պարոն Նախագահ, մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի Ձեր նախորդներից Ձեզ ժառանգած այս քաղաքականությունը: Ժամանակը չէ՞, արդյոք, լծվելու ջավախքահայությանը հուզող քաղաքական, լեզվա-մշակութային, կրթական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարեւոր առաքելությանը, թեկուզ աստիճանաբար` քայլ առ քայլ…

Հերիք չէ, արդյոք, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման բնագավառում իրենց անգործության գլխավոր «մեղավոր» հռչակեն երկրի մեծամասնություն` տիտղոսակիր ազգի դիմադրությունը: «Մեծամասնությունը» վերջին 20 տարիների տխուր փորձից ելնելով, այո, ունի մտավախություններ, սակայն նա շատ լավ, անգամ իշխանություններից էլ լա՜վ է գիտակցում, որ կորուստներ միգուցե չլինեին, եթե Ցխինվալի դպրոցներում ժամանակին չարգելվեր օսերենով դասավանդումը…

Ժամանակը չէ՞, արդյոք, վերջ տալու վրացական իշխանությունների այն մոտեցմանը, որ ավելի լավ է լուրջ հարցերին լուծում տալու փոխարեն որեւիցե տնտեսական զիջում անել Ջավախքում գոյություն ունեցող եւ հենց կենտրոնից ստեղծված ու սնուցվող տարբեր կլանների՞ն: Նման անհեռատես քաղաքականությունը ոչ թե քանդում է ջավախքյան թնջուկը, այլ ընդհակառակը` օր-օրի դարձնում այն ավելի խճճված եւ անվերահսկելի …

Ժամանակը չէ՞, արդյոք, միջոցներ ձեռնարկել կենտրոնական իշխանությունների նկատմամբ երկրամասի բնակչության օր-օրի նվազող վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Դուք ունե՜ք այդ հնարավորությունը, բայց ցավոք մինչ օրս այդպես էլ չեք փորձել օգտվել դրանից:

Ջավախքահայությանը պատրաստ է երկխոսության: Մենք դեռեւս հույս ունենք, որ ստիպված չենք լինելու երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիրների լուծումները վաղը փնտրել եվրոպական եւ միջազգային ատյաններում: Մնում է, միայն մեկ բան` որպեսզի Դուք ընդունեք այդ երկխոսության հրավերը:

Փորձե’ք սկսել հենց այսօր:

Վահագն Չախալյան,
Հետադարձ հասցե` Վրաստան, №8 քրեակատարողական հիմնարկ, Ե մասնաշենք, բանտախուց №117

Մարտ 2009թ.

Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: