«Նոյյան Տապան» լրատվական գործակալության հատուկ անդրադարձը (քաղվածքներ հարցազրույցներից)

Նոյյան Տապան, 15 ապրիլի 2009թ.

Ըստ Հարություն Առաքելյանի, Հայաստանն ու Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է լուծեն Եվրոդատարանում

«Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ)-ը մշտապես հայտարարել է, որ ներկայիս թուրքական կառավարությունը 1915թ.-ի ցեղասպանության շարունակողն է»,- նշել է ՀՌԱԿ-ի ատենապետ Հարություն Առաքելյանը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ցեղասպանություններն առհասարակ բաղկացած են լինում երեք մասից: Առաջինը, ըստ ՀՌԱԿ-ի ղեկավարի, նախապատրաստումն է, երկրորդը` իրականացումը, իսկ երրորդ փուլը հետքերի մաքրումն է, որպեսզի հանցագործությունը չբացահայտվի: ՀՌԱԿ-ի ատենապետի կարծիքով, Թուրքիայի Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում իբր հայերի կազմակերպած կոտորածների մասին տեսաֆիլմի ցուցադրումը վկայում է այն մասին, որ Թուրքիայում զբաղված են իրենց նախնիների կատարած հանցանքի հետքերի մաքրմամբ:

Հ.Առաքելյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, ըստ որի ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները ամբողջությամբ համընկնում են: Հարցին, թե արդյո՞ք այդ հայտարարությունից հետո ՀՀ-ն պետք է շարունակի Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությունը, ՀՌԱԿ-ի ատենապետը պատասխանել է, որ այդ քաղաքականությունը վերանայելու կարիք չկա: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է լինեն բարիդրացիական, բայց դրան զուգահեռ Հայաստանը պետք է միջազգային դատարան ներկայացվելիք հայց ձեւակերպի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ըստ Հ.Առաքելյանի, քանի որ երկու հարեւան պետությունները որպես քաղաքական ուղեգիծ ընտրել են եվրոինտեգրումը, հետեւաբար հուզող հարցերի լուծումները պետք է գտնեն Եվրոպայում:

«Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի հրավերը Թուրքիային` մասնակցելու Հայաստանում նոր ատոմակայանի շինարարությանը» հարցին ի պատասխան Հ.Առաքելյանը նշել է, որ դա համարում է «քաղաքականապես բոբիկ մարդու հայտարարություն»: Նրա համոզմամբ, չի կարելի տուրք տալ ֆինանսական գործոնին` անկախ այն բանից, թե ով է այդ ֆինանսը տալիս:



Հայ-թուրքական հարաբերությունները կարելի է բարելավել, բայց ոչ ազգային շահերի հաշվին,- ասում է Սեն Արեւշատյանը

Թուրքիայում նոր սերնդի մեջ ստի ու կեղծիքի արմատավորումը թույլ չի տալիս գիտակցել իրենց պապերի գործած ահավոր մեղքը: Այս մասին «Արարատ ռազմավարագիտական կենտրոն»-ին տված հարցազրույցում նշել է փիլիսոփա-պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: Կենտրոնի տեղեկատվության համաձայն, սկսած 2007թ.-ի դեկտեմբերից Թուրքիայի Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում ցուցադրում է տեսաֆիլմ, որը պատմում է այն մասին, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրք ժողովրդին: Դպրոցներին բաժանվել է տեսաֆիլմի 600 հազար սկավառակ, եւ այն արդեն դիտել են շուրջ 12 մլն աշակերտներ, այդ թվում` տարրական դասարանների:

Ս.Արեւշատյանի խոսքերով, պաշտոնական Երեւանը լռում է այս ձեռնարկի մասին` ստի դեմ պայքարելու անճարակությունից: Նա գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտոնական բողոք ներկայացնեն Թուրքիայի կառավարությանը եւ միջազգային ատյաններին:

Ակադեմիկոսի կարծիքով, հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունների կշռադատված բարելավում` ոչ ազգային շահերի հաշվին: Նա անթույլատրելի եւ վտանգավոր է համարում հայկական նոր ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը: Ըստ Ս.Արեւշատյանի, դա Հայաստանին, բացի ազգային անվտանգությանը վնասելուց, ոչինչ չի տա:



Թուրքիան հավատարիմ է մնացել իր հակահայ ծրագրերին,- գտնում է պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունից, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ համընկնում են, կարելի է եզրակացնել, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր հակահայ ծրագրերին, ուզում է սիրաշահելով ներթափանցել Հայաստան: Այսպիսի տեսակետ է հայտնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Ռ.Էրդողանի այդ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները «չպետք է հարաբերություններ սկսեին թշնամու հետ»:

Վ.Սվազլյանը նշել է նաեւ, որ հրավիրելով Թուրքիային մասնակցել նոր ատոմակայանի շինարարությանը` Հայաստանի իշխանությունները տուրք են տվել արեւմտյան տերությունների ծրագրերին:

Նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի դպրոցներում 600 հազար սկավառակ տպաքանակով բաժանված եւ 12 մլն աշակերտների հրամցված ֆիլմին, որում պատմվում է իբր հայերի կողմից կազմակերպած կոտորածների մասին: Վ.Սվազլյանը Թուրքիայի կառավարության այդ քայլը գնահատել է որպես հայերի նկատմամբ թշնամության սերմանում, աշակերտներին ատելության ոգով դաստիրակման թուրքական ձեւ:

Հեղինակ` Նարե Գրիգորյան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան

Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: