choose language [english] [armenian] [russian] |
|||||
|
ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ :: Ինքնություն
Oսմանյան Կայսրությունում Համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները Ժամանակակից թուրք պատմագիտությունը մշակել է բացարձակ ապագիտական դիրքորոշումներ Հայաստանի և հայ ժողովրդի պատմության նկատմամբ, որոնցից չի խուսափել նաև հայոց Համշեն գավառի պատմությունը: Մասնավորապես, թուրք աղբյուրագետները, ժամանակակից թուրքերենի վերածելով Համշենի և հարակից շրջանների օսմանյան աշխարհագիր մատյանները, ապա դրանք քաղվածաբար հրապարակելով և խեղաթյուրման ավանդական զինանոցն օգտագործելով, աղավաղում են Համշենի պատմությունը, պատմական ժողովրդագրությունը և տեղանունները: Համշենի գավառը համընկնում է Մեծ Հայքի Տայք աշխարհի Խաղտիք գավառին: Այսօր այն Թուրքիայի վարչական ստորաբաժանումներից մեկն է՝ Ռիզեի նահանգի Հեմշին գավառը (իլչե), որը գտնվում է Սև ծովի հարավարևելյան ափին: Խաղտիքի տարածքը համարվում է հայ ժողովրդի կազմավորման օջախներից մեկը 1: Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Հայասայի, Վանի ու Փոքր Հայքի թագավորությունների կազմում 2: Նախքան Պոնտոսի թագավորության և Հռոմի կայսրության տարածաշրջանում երևալը, Խաղտիքի գավառը, անտարակույս, գտնվել է հին Հայաստանի պետության անմիջական վերահսկողության կամ առնվազն նրա ռազմաքաղաքական ազդեցության ոլորտում: Այդ են փաստում Խաղտիքի ինչպես Արարատյան թագավորության` Ուրարտուի սահմանների մեջ ընդգրկված լինելը, այնպես էլ տարածաշրջանի հայահոծ բնակչությունն ու հայկական տեղանունները: Հետագայում այն հայտնվել է Պոնտոսի և Հռոմի ենթակայության տակ, որը, սակայն, շատ առումներով ձևական էր, քանի որ գավառը շարունակում էին կառավարել բնիկ հայ իշխանները: Խաղտիքի հայ բնակչությունը դեռևս հնագույն ժամանակներից աչքի է ընկել իր խիզախությամբ ու մարտունակությամբ: Պատահական չէ, որ բյուզանդական կայսրերը հաճախ էին օգտագործում տեղական հայ զորաջոկատները ռազմական տարբեր արշավանքներում 3: Հայկական բարձրավանդակը, այդ թվում և Խաղտիք գավառն իր ռազմավարական կարևոր դիրքի պատճառով դարձել էր կռվախնձոր Բյուզանդիայի և Սասանյան Իրանի, հետագայում Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև: Խաղտիքը հայտնի էր իր բնական անառիկությամբ, անանցանելի անտառներով ու լեռներով, 5-րդ դարի պատմիչ Եղիշեի բնորոշմամբ` «յանլոյս երկիրն Խաղտեաց» 4: Հատկանշական է, որ Վարդանանց պատերազմի օրերին ապստամբական կարևոր հենակետերից մեկը համարվել է Խաղտիքի գավառը 5: Իր անմատչելիության և անանցանելիության շնորհիվ այս տարածաշրջանը դարձել էր ապաստան արաբական հալածանքներից խուսափող հայ նախարարների ու բնակչության համար, հատկապես 774-775 թվականների ապստամբությունից հետո: Ինչպես վկայում են հայ պատմիչները, մոտավորապես 789-790թթ. նախարարներ Շապուհ և Համամ Ամատունիների գլխավորությամբ 6 12 հազար հայեր (ըստ երևույթին Արարատյան նահանգի Արագածոտն ու Կոտայք գավառներից 7), այլևս չդիմանալով արաբների վարած տնտեսական և իրավական ծանր քաղաքականությանը, հաղթելով իրենց հետապնդող արաբական ուժերին, հասնում ու բնակություն են հաստատում Բյուզանդական կայսրության սահմաններում գտնվող Տամբուր քաղաքում: Հետագայում քաղաքը հիմնովին ավերում են վրացական ուժերը, ու նրա տեղում Համամ իշխանը կառուցում է մի նոր քաղաք` այն անվանակոչելով Համամաշեն 8: Հայկական տեղանվան պատմաքաղաքական նշանակությունը Խաղտիք գավառի և հարակից Ճորոխի ավազանի հայկական բնօրրան լինելը փաստում են ինչպես հայ և օտար բազմաթիվ պատմական սկզբնաղբյուրներն ու հետազոտությունները, այնպես էլ հայկական և թուրքական աղբյուրներում գրանցված տեղանունները: Առհասարակ տեղանունները լեզվական կայուն փաստեր են, յուրահատուկ կոդեր, որոնց հայկական արմատները մասամբ գալիս են վաղնջական շրջանից 9: Այնուհանդերձ, թուրք հեղինակներ Ա. Սաքաօղլուն 10, Մ. Քըրզըօղլուն 11 Համշեն տեղանվան մեջ փորձում են «գտնել» օղուզա-չաղաթայական բաղադրիչներ: Նրանց վառ երևակայության արդյունքում համշենահայերն ու Համշենի իշխանության հիմնադիր Համամ Ամատունին սերում են թուրքական «Քայան Ուջուն» ցեղից 12: Այսպես` Մ. Քըրզըօղլուն առաջ է քաշում իրարամերժ և հակասական տեսակետներ: Ըստ նրա` համշենցիները «ղփչաղ-թուրքական ճյուղի բալքար ցեղին պատկանող» «իսկական մահմեդականներ են և մաքուր թուրքեր» 13, որոնց բնակավայրերը գտնվել են Կովկասում 14: Թուրք հեղինակը համշենահայերին դարձնում է նաև պարթև Արշակունի, վերջիններիս էլ` «հին օղուզների հետնորդներ» 15: Այս ապագիտական ելակետից էլ ստուգաբանում է Համշեն տեղանունը` ժխտելով տեղանվան երկու բաղադրիչների հայկական արմատները: Ա. Սաքաօղլուն Համշեն տեղանվան մեջ ձգտում է տեսնել թյուրքական-չաղաթայական արմատ, միաժամանակ մերժում Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմություն» գրքում հիշատակված Համշենի հայկական իշխանության և համշենահայերի մասին արժեքավոր փաստի պատմական հավաստիությունը, անգամ` Համամ Ամատունու հայ լինելը 16: Թուրք և վրաց պատմաբանների` համշենահայերի ծագումը և ազգային պատկանելությունն աղավաղող վարժանքները ժամանակին քննադատել է բանասեր-ազգագրագետ, համշենահայերի պատմության և ազգագրության լավագույն մասնագետ Ս. Վարդանյանը: Թուրք պատմաբան Մ. Ռզայի երևակայությամբ Խոփայի մահմեդականացված հայերը «խեթական թուրքերից են ծագում» և «նախաիսլամական շրջանում թուրքերի կողմից ընդունված կրոնի պատճառով մի որոշ ժամանակ հայերեն են խոսել, սակայն նրանք, ընդունելով մահմեդականություն, վերադարձել են թրքության գիրկը, ստացել իրենց բուն ազգային դիմագիծը: Այդ ժողովուրդը հիմա թուրքախոս է. թուրքերենից բացի այլ լեզու չգիտի» 17: Այս առթիվ Ս. Վարդանյանը, հերքելով թուրք պատմաբանին, որպես անխոցելի փաստ նշում է, որ վերջին տասնամյակներում հայ և օտար բանահավաքները կրոնափոխ համշենահայերի սերունդներից գրի են առել Համշենի բարբառով զանազան բանահյուսական նյութեր: Իր հերթին, վրաց հեղինակ Ծ. Բածաշին, թեև քննադատում է թուրք պատմաբանների միակողմանի մոտեցումները, սակայն մերժում է նաև «հայերեն սկզբնաղբյուրներն ու հայ գիտնականներին»` պատճառաբանելով, թե իբր «հայերեն լեզվով գոյություն ունեցող գրականությունը գիտականորեն հավաստի չէ»: Առանց որևէ հիմնավորման նա հայտարարում է, թե «Համշենում բնակչության կեսից ավելին լազերից է բաղկացած, իսկ մնացած մասն իրենից ներկայացնում է խառնուրդ մասսա: Նրանց էթնոգենեզում գլխավոր դեր է խաղացել հայ լուսավորչական եկեղեցին, որին, ինչպես երևում է, միացել է լազերի որոշակի մասը»: Վրաց գիտնականի նման եզրակացության համար հիմք է ծառայել Համշենի բարբառում լազերենից փոխառյալ ընդամենը հինգ բառի առկայությունը: Ս. Վարդանյանը ճշմարտացիորեն քննադատում է վրաց գիտնականին և նշում նրա հոդվածում տեղ գտած անճշտություններն ու հակասությունները 18: Ինչ վերաբերում է Համշեն տեղանվանը, ապա կասկածից վեր է, որ այն բնիկ հայկական է: Տեղանվան մեջ առկա են Համամ անձնանունը և շեն բաղադրիչները: Շեն բաղադրիչը հին հայկական բառ է, որը նշանակում է բնակավայր, գյուղ, ավան: Ժամանակակից թուրքերենում գործածական «շեն» - ուրախ բառի իմաստով չի կարող բացատրվել տեղանունը, ինչը փորձում է անել Քըրզըօղլուն 19 (ի դեպ, այն թուրքերենում փոխառյալ է): Համամաշեն տեղանունը հետագայում լեզվական արագաբանության օրենքով սղվել է և դարձել Համ+շին, այնուհետև Համշենի բարբառի օրինաչափ ազդեցությամբ` Հոմշին` առաջին վանկի ա>ո հնչյունափոխությամբ: Թերևս թուրքերենի ազդեցությունից էլ բխում է Հեմշին տարբերակը: Նշենք, որ շեն բաղադրիչով տեղանունները տարածված էին ամբողջ Հայաստանում` Արտաշեն, Նորշեն, Վահանաշեն, Մարտունաշեն, Մուշեղաշեն, Շենիկ և այլն: Համշենահայերի մարդաբանության աղավաղման փորձեր Վերոնշյալ թուրք հեղինակները դիմելով իրենց կեղծարարության զինանոցին, նպատակաուղղված աղճատում են նաև համշենահայերի մարդաբանական պատկանելությունը` նրանց վերագրելով անհայտ ռասայական` «օղուզական կամ թուրքմենական տիպ»: Տարբեր ռասայական հատկանիշները խառնելով` նրանք ստեղծել են մի միջանկյալ տիպ` տալով հետևյալ բնութագիրը` համշենցիները «կլորագլուխ, ուղիղ քթով, շագանակահեր կամ թխահեր, կարճահասակ, լայնաթիկունք մարդիկ են» 20: Նշենք նաև, որ 1994թ. վերջին մի խումբ թուրք գիտնականներ Խոփայի գավառակի գյուղացիների հունական և համշենցիների հայկական գենետիկական ծագումը ստուգելու նպատակով ձեռնարկել են արյան քննություն: Տեղացիները խիստ վրդովվել են այդ արյան պարտադիր քննությունից, «հատկապես Ստամբուլի համալսարանի դասախոս պրոֆ. Սեվիլ Աթասոյի և նրա խմբից` պնդելով, որ նրանք իրենց ուսումնասիրություններով կասկած են հարուցում այդ շրջանի բնակիչների զտարյուն թուրքական ծագման վերաբերյալ: Խոփայում տեղի ունեցած 7 հազարանոց բողոքի ցույցի ժամանակ ցուցարարները, տեղում գործող բոլոր կուսակցությունների մասնակցությամբ, հայտարարել են, որ «իրենք թուրք ազգից բացի այլ ազգություն չեն ճանաչում, և որ իրենց միակ դրոշը թուրքականն է» 21: Նրանք նաև կտրուկ մերժել են իրենց վերագրվող հունական և հայկական ծագումը, միաժամանակ այն կարծիքն են հայտնել, որ «այդ միջոցառումը անջատողական նպատակներ ունի և ջուր է լցնում ԱՍԱԼԱ-ի և ՔԲԿ-ի ջրաղացին» 22: Ինչպես պարզորոշ երևում է լրատվությունից, Թուրքիայի քաղաքական որոշակի ուժեր, լավ իմանալով տեղի բնակչության ծագումնաբանությունը, փորձել են հարցը քաղաքականացնել և ազդել գիտական հետազոտությունների արդյունքների վրա: Թուրքական կողմի նման պահվածքը մեզ ստիպեց նախաձեռնել Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող համշենահայերի մարդաբանական ուսումնասիրությունը, որը սիրահոժար իրականացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մարդաբանության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող Նվարդ Քոչարը: Հայաստանի տարածքում բնակվող համշենահայերի նախնական մարդաբանական` գլխի, դեմքի ժառանգական հատկանիշների չափագրումը, ձեռնաթաթի մաշկի գծանախշանկարների ուսումնասիրությունը, մարդաբան-ժառանգաբան Ն. Քոչարին տալիս են բոլոր հիմքերը՝ անելու հետևյալ եզրակացությունները (Ն. Քոչարի համաձայնությամբ սույն հոդվածում ներկայացնում ենք նախնական քննության արդյունքները, առաջիկայում սպասվում է այդ խմբերի DNT-ի ուսումնասիրությունը: Ինչպես վկայում է մարդաբանը, վերոնշյալ հատկանիշների ուսումնասիրությունը ևս բավարար է եզրակացությունների համար)` 1. Համշենահայերն իրենց մարդաբանական (ռասայական) հատկանիշներով, որոնք խիստ ժառանգական են, արտացոլում են նախնիների ժառանգական համալիրը, և ոչնչով չեն տարբերվում նախկինում ուսումնասիրված հայկական տարբեր էթնոտարածքային խմբերից: 2. Հայկական էթնոսի ճնշող մեծամասնությունը օժտված է վառ արտահայտված արմենոիդ ռասայական հատկանիշներով, որոնց բարձր ցուցանիշները հայտնաբերվել են նաև այնպիսի հնագույն ժողովուրդների մոտ, ինչպիսիք էին խեթերը, խուռիները, ուրարտացիները, ասորիները, շումերները և այլն: Հնագույն այդ ժողովուրդները վերացել են պատմության բեմահարթակից, սակայն այդ հատկանիշները, որոնք դոմինանտ (գերիշխող) են, այսօր արտահայտված են հայ ժողովրդի ճնշող մեծամասնության մեջ: Սա վկայում է հայ ժողովրդի բարձրաստիճան հոմոգենության (միատարրության) մասին, այնպիսի միագենության, ինչը և մատնանշում է այդ տիպի անդրենածին լինելու փաստը ամբողջ Առաջավոր Ասիայի տարածքում: 3. Եվ քանի որ ժամանակակից համշենահայերն իրենց ժառանգական համալիրով մտնում են վերոնշյալ միակերպության մեջ, հետևաբար որևէ կասկած լինել չի կարող, որ վերջիններս կազմում են տոտալ (ամբողջական) հայկական էթնոսի մի մասը: Եվ եթե հայտնաբերվեն չնչին տարբերություններ, ապա դրանք բնորոշ են բոլոր հայկական ենթախմբերին, որովհետև ամեն մի առանձին հայկական ենթախումբ որոշակի ժամանակահատվածի ընթացքում մեկուսացած է եղել մյուս խմբերից (համեմատական), և խաչասերումը տեղի է ունեցել ոչ թե միջխմբային, այլ ներխմբային ձևով 23: 4. Անդրադառնալով թուրք հեղինակների մարդաբանական մեկնություններին, որոնցով համշենահայերին վերագրվում է «օղուզական մարդաբանական տիպը», ապա այստեղ դրսևորվում է նրանց ճչացող անգրագիտությունը ռասայագիտության բնագավառում, որտեղ դասակարգումների մեջ այդպիսի տիպ ընդհանրապես գոյություն չունի: Հայտնի է, որ մարդկային եվրոպեոիդ ռասայական բնի հարավային ճյուղը բաղկացած է երկու ռասայական խմբերից. դրանք են հնդմիջերկրածովային և բալկանոկովկասյան ռասաները, որոնցից ամեն մեկը իր հերթին ստորաբաժանվում է ավելի մանր մի քանի ռասայական տիպերի: Օղուզական տիպ մարդաբանությունը չի ճանաչում ոչ եվրոպեոիդների, ոչ մոնղոլոիդների և ոչ էլ, առավել ևս, նեգրոիդների մեջ 24: Ժողովրդագրական և տեղագրական տվյալներ Թուրք պատմաբան Մ. Քըրզըօղլուն, դիմելով կեղծարարական բոլոր միջոցներին, ձգտում է ապացուցել, որ «ներկայիս Անատոլիայի ժողովուրդը ամբողջությամբ կապված է թյուրքական ցեղերի հետ», «համշենցիները լազերի նման թյուրք ժողովուրդ են» 25: Թուրք հեղինակները, արհեստականորեն նվազեցնելով քրիստոնյաների թիվը (հատկապես հայերի, որոնք Համշենում ու հարակից շրջաններում մեծամասնություն էին), պնդում են, թե իբր 14-15-րդ դարերում վերոնշյալ տարածքներում բնակիչների զգալի մասը մահմեդական էր: Ձեռքի մեկ հարվածով թուրք են դարձնում նաև քարթվելական ընտանիքին պատկանող լազերին (այսպիսի ապագիտական և հորինված պատմություններով ողողված են նաև թուրքական ինտերնետային կայքէջերը) 26: Հայ և օտար աղբյուրները, այդ թվում՝ օսմանյան աշխարհագիր մատյանները (մասամբ) ցույց են տալիս, որ մինչև 18-րդ դարի սկիզբը Համշենում քրիստոնյա հայ բնակչությունը, չնայած տևական հալածանքներին, կազմել է մեծամասնություն և կարողացել է պահպանել իր հավատքն ու ազգային դիմագիծը 27: Այսպես, թուրք պատմաբան Մ. Գյոքբիլգինի հրապարակած Տրապիզոնի լիվային (գավառին) պատկանող օսմանյան աշխարհագիր մատյաններից տեղեկանում ենք, որ XVI դարում Համշենը գրանցվել է որպես կազա` Տրապիզոնի լիվայի (գավառի) կազմում, որն օսմանյան տիրապետության տակ անցնելով` բաժանվել է երեք նահիեի` Հեմշին, Քարահեմշին, Էքսանոց: Համշենը որպես տուրք վճարել է «րուգանի շիրա» (խաղողից պատրաստված հատուկ ըմպելիք), մեղր, մեղրամոմ: Դավթարում արձանագրված են նաև Բալա և Զիր անուններով բերդերը 28: Զիր բերդը Ղ. Ինճիճյանի հիշատակած Զիլքալեն է. այն ժայռի վրա շինված բերդ է, որի մի մասը ձգվում է մինչև Բաշ-Հեմշին գետակը, նմանվում է աշտարակի և գտնվում է Բաշ-Համշենից մեկ օրվա ճանապարհի հեռավորության վրա: Բերդում մնացել են կամարակապ հին շինությունների հետքեր 29: Այսօր էլ պահպանվում է բերդի մի մասը. այն շարունակում են կոչել Զիլ-քալե: Ա. Թուլումջյանը այն նույնացնում է Արտաշեն իշխանի կառուցած բերդի հետ 30: Ավանդության համաձայն` Բագրատունյաց թագավորական ցեղից սերած Մարտիրոսը որոշում է Գրիգորի աղջկան կնության վերցնել իր որդու` Արտաշենի համար: Գրիգորը, սակայն, չի համաձայնվում, այդժամ` «Մարտիրոս զինու զօրութեամբ Գրիգորի երկիրը կը մտնէ, կը պատերազմի, կը յաղթէ, կառնէ աղջիկը, կը պսակէ Արտաշէնի վրայ, Արտաշէն Գրիգորի երկրի մեջ, Համշէնի մեծ գետի վերի ակներուն մօտ մի հսկայ բերդ կը կառուցանէ, որ այսօր եւս Արտաշէն կասուի» 31 (ընդգծումը` Լ. Ս.): Բերդի մոտակայքում են գտնվում Վերչենիկ (հավանաբար այս տեղանվան հիմքում ընկած են Հ. Տաշյանի հիշատակած Վարշամակը. այն տեղական ավանդությամբ կապվում է «Ս. Վարդանանց նշխարաց հետ» 32), Էլեվիտ (Եղնովիտ 33), Խաչիվանք, Բաշ Հեմշին գյուղերը: Մ. Գյոքբիլգինը հրապարկել է 1532 թ. Տրապիզոնի լիվային պատկանող հետևյալ կազաների ժողովրդագրական տվյալները`
Այսպիսով, 1532թ. Համշենի երեք նահիեներից կազմված կազայում գրանցվել է 34 գյուղ, որոնցում էլ 671 տուն` 214-ը՝ մահմեդական, իսկ 457-ը՝ քրիստոնյա, ընդհանուր առմամբ` 682 շունչ 34: Մեր համոզմամբ` Մ. Գյոքբիլգինը Համշենի պարագայում փորձել է հնարավորինս նվազեցնել կամ նոսր ցույց տալ ժողովրդագրական պատկերը: Նա «հայեր» էթնոնիմն առհասարակ չի գործածում: (Օսմանյան աշխարհագիր մատյանների` թուրք աղբյուրագետների կողմից միտումնավոր քաղվածաբար և աղճատված ներկայացնելու մեթոդի պատմաքաղաքական նպատակները վերլուծել ենք մեր նախորդ հրապարակումներում 35): Մեծանուն հայագետ Լ. Խաչիկյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհուպ մինչև 15-րդ դարի վերջը Համշենն ամբողջությամբ գտնվում էր հայկական իշխանների ենթակայության ներքո 36: Փաստերը վկայում են, որ Համշենում կամ հարակից շրջաններում օսմանյան վերահսկողության հաստատման և բռնի մահմեդականացման փորձերն սկսվել են 16-րդ դարի վերջերից միայն: Ուստի հիմքեր կան եզրակացնելու, որ 16-րդ դարում Համշենում քրիստոնյաները (իմա` հայերը) չնչին բացառությամբ եղել են մեծամասանություն, և Գյոքբիլգինի հրատարակած «մահմեդական» տների թիվը համոզիչ չէ: Իսկ Համշենից հայ բնակչության արտահոսքն սկսվել է 1723թ. դաժան անցքերից հետո 37: Հետաքրքրական է Ղ. Ինճիճյանի հաղորդած հետևյալ վիճակագրական փաստը. 19-րդ դարի սկզբում Համշենից 8 ժամ հեռավորության վրա գտնվող Խևակ գյուղում կար մահմեդականություն ընդունած հայերի 200 տուն 38: Ս. Վարդանյանը, հրատարակելով և քննության ենթարկելով Մխիթարյան վրդ. Մեհերյանի արժեքավոր ձեռագիր հուշագրությունը, նշում է, որ Համշենի Խևակ գյուղի մասին տեղեկությունները Ղ. Ինճիճյանը, ըստ երևույթին, քաղել է այս սկզբնաղբյուրից: 1776թ. Պողոս վրդ. Մեհերյանը անձամբ է այցելել Խևակ ու նաև հարևան գյուղերը, թողել բացառիկ կարևոր ազգագրական հիշատակումներ մահմեդականացված հայերի մասին 39: Խևակի օրինակը վկայում է, որ Համշենում և հարակից շրջաններում բնակավայրերը կարող էին նաև բազմամարդ լինել: Վիճակագրական կարևոր տվյալներ է հայտնում ազգագրագետ Սարգիս Հայկունին. գյուղերը, տեղանքի զառիվայր պայմանների պատճառով, ունեին 20-30, մինչև իսկ 50 տուն, որոնք միմյանցից գտնվում էին «1-2-3 վերստ» հեռավորության վրա 40: Ս. Հայկունու գրառումների համաձայն` 1700-ական թթ. Համշենում կար 8-10 հազար, իսկ Սև Գետում՝ 5-6 հազար տուն հայություն 41: Տարբեր են 1833 թթ. ամերիկացի բողոքական քարոզիչներ Սմիթի ու Դուայթի ճամփորդական նոթերում գրանցված տվյալները. Համշենի հայերի «մի զգալի մասը դավանում է մահմեդականություն», բնակչությունը մոտ 3-4 հազար հայ ընտանիք է, որոնք բնակվում են 70 կամ 80 գյուղերում 42: Գերմանացի գիտնական Կ. Կոխը, որը 1843-1844թթ. անցել է Համշենի և հարակից շրջաններով, հաստատում է, որ Խևակը «կը կազմվի հինգ թաղամասերե (կամ գյուղամասերե) և ունի 200 տուն` 1000 մինչև 1200 բնակիչով» 43: Կ. Կոխը հաղորդում է նաև, որ 1843-1844թթ. Համշենի ամբողջ տարածքում կար ընդամենը 1500 տուն: Որպես կողմնակի լրացնող փաստ նշենք, որ Համշենի հարակից շրջանում` Սև գետում, հաստատված համշենահայության 1780թ. բռնի մահմեդականացման պատճառով դատարկվել է 100 գյուղ, մահմեդականացվել 10 հազար համշենահայ 44: Թեև այս տեղեկությունները վերաբերում են XVIII-XIX դարերին, սակայն դրությունը, անկասկած, նույնը պետք է լիներ նաև XVI-XVII դարերում, քանզի սոցիալ-տնտեսական պայմանները հիմնականում նույնն էին: XVII-XIX դարերի ընթացքում Համշենում ու հարակից շրջաններում բռնի մահմեդականացման քաղաքականության արդյունքում արձանագրվել են նաև բնակչության տեղաշարժերի դեպքեր, որը ենթադրում էր բնակչության թվի անկում: Սակայն, եթե հիմք ընդունենք Կ. Կոխի հաղորդումը, որ Համշենը XIX դարի առաջին կեսին ուներ 1500 տուն բնակիչ, ապա ընտանիքի անդամների միջին թիվը 8-ով 45 կամ, ինչպես առաջարկել ենք նախորդ հոդվածներից մեկում, 10-ով հաշվելու դեպքում ստացվում է մոտավորապես վիճակագրական այն պատկերը, ինչը 1700-ական թթ. համար ներկայացնում է Ս. Հայկունին (միջին գործակիցը 8-ով հաշվելու դեպքում` 12.000, իսկ 10-ի դեպքում` 15.000 շունչ բնակչություն): Մ. Գյոքբիլգինի հրապարակած` օսմանյան աշխարհագիրների տվյալները այս սկզբունքով հաշվելու դեպքում XVI դարում կունենանք հետևյալ պատկերը. ա) 671 (քրիստոնյա և մահմեդական) տների ընտանիքի անդամների միջին թիվը 8-ով հաշվելու դեպքում` 5368, իսկ 10-ի դեպքում` 6710 շունչ բնակչություն: բ) 457 քրիստոնյա տների` ընտանիքի անդամների միջին թիվը 8-ով հաշվելու դեպքում` 3656 շունչ, իսկ 10-ով հաշվելու դեպքում` 4570 շունչ: գ) 214 մահմեդական տների` ընտանիքի անդամների միջին թիվը 8-ով հաշվելու դեպքում` 1712, իսկ 10-ով հաշվելու դեպքում` 2140 շունչ: Այսպիսով, XVI դարում Համշենի երեք նահիեներին վերաբերող թուրք աղբյուրագետի հրապարակած թվերը մեր կարծիքով միտումնավոր նվազեցված և խեղաթյուրված են. ընդամենը 457 քրիստ., 214 մահմեդ. տուն, 682 շունչ բնակչություն, ընտանիքների և շնչերի թիվը գրեթե համընկնում են, և միջին գործակիցով հաշվելու դեպքում մեկ տանը ընկնում է մեկ շունչ: Նշենք նաև, որ անընդունելի է Կ. Կոխի յուրաքանչյուր ընտանիքի անդամների թիվը 5,5-ով հաշվելը: Պատմական փաստերը վկայում են, որ ուսումնասիրվող ժամանակաշրջանում հայկական ավանդական ընտանիքը բաղկացած է եղել ոչ թե 5, այլ առնվազն 10, անգամ 20-30 շնչից 46: Գ. Արծրունին նշում է, որ Արևմտյան Հայաստանում հիմնականում հանդիպել է 10, 15, 18, 20 և մինչև 40 ու ավելի անդամներից կազմված հայ ընտանիքների: 5, 6, 7 հոգանոց բաղկացած ընտանիքներ ավելի քիչ են նկատվել և «ես համարձակ կարող եմ ասել, որ հայ ընտանեաց անդամների թիվը 10-ից պակաս հաշվել չի կարելի» 47: XIX դարի վերջում ցարական կառավարության հանձնարարականով Կովկասյան ռազմական օկրուգի գլխավոր շտաբի կազմած աղյուսակներում՝ Էրզրումի վիլայեթի մահմեդական ընտանիքների միջին թիվը հաշվված է 6, իսկ քրիստոնյաներինը՝ 10 շունչ 48: Կարծում ենք` Համշենի վիճակագրական հաշվարկը ճիշտ կլինի կատարել` հաշվի առնելով այս հանգամանքը: Համշենցիները մահմեդականացվելուց հետո էլ պահպանել են բազմազավակ ընտանիք ունենալու ավանդույթը: Դա է հաստատում նաև հետևյալ ուշագրավ փաստը. Ս. Վարդանյանը, 1984 և 1987թթ. ուսումնասիրելով Ղրղզստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանի Կրոսնոդարի երկրամասում հաստատված մահմեդական համշենցիների բանահյուսությունն ու կենցաղավարությունը, արժեքավոր տեղեկությունների շարքում նշում է, որ նրանց ընտանիքները բազմանդամ են, «հաճախ ունեն 5-7, երբեմն 10 երեխա» 49: Ազգագրագետի հաշվարկով` Ղազախստանի Չիրկինո գյուղում 1980-ականներին բնակվում էր 48 տուն 286 շունչ, իսկ Ղրղզստանի Ուչ-Կորգան գյուղում` 29 տուն 226 կրոնափոխ համշենցի 50: Բռնի մահմեդականցման փուլերը 1555 թ. Ամասիայում թուրք-պարսկական հաշտության պայմանագրի կնքումից հետո օսմանյան իշխանություններն սկսեցին Համշենում և հարակից գավառներում իրականացնել բռնի մահմեդականացման քաղաքականություն՝ բնակչության ըմբոստ ոգին կոտրելու, նոր գրավված այդ երկրամասերը վերջնականապես հպատակեցնելու և յուրացնելու հեռագնա նպատակով: Համշենում կամ հարակից շրջաններում բռնի մահմեդականացումների փորձեր և մահմեդականացումներ սկսվել են XVI դարի վերջին (1578թ.) 51, պարբերաբար իրականացվել են XVII դարի ընթացքում 52: Այս քաղաքականությունը հատկապես սուր բնույթ է ստացել XVIII դարի սկզբներին (1710թ. 53, 1723թ. 54): 1723թ. բռնամիջոցներն, անտարակույս, կապ ունեին հայերի` 1722թ. Արևելյան Հայաստանում սկսած զինված ազատագրական շարժման հետ, որը հակահայկական ծայրահեղ տրամադրություններ էր առաջացրել Օսմանյան արքունիքում, ընդհուպ մինչև հայ ազգն ամբողջությամբ բնաջինջ անելու քննարկումները: Այսպես, 1725 թ. մարտի 9-ին Ստամբուլից Վենետիկ հղված մի փաստաթղթում ասված է. «...թագաւորն (իմա՝ սուլթան Ահմեդ Գ-ը) տաղտկացեալ է ի հայոց եւ բազմիցս կամեցեալ է ի պատճառս Աճեմիստանու (այսինքն՝ Իրանում ընթացող պատերազմի) բնաւ զՀայս բնաջինջ առնել, բայց մուֆթին ոչ տուեալ է զհրաման առ ի բնաջինջ առնել զՀայս» 55: Հայր Պողոս Վ. Մեհերյանի վերոնշյալ հուշագրությունից տեղեկանում ենք, որ 1776 թ. դրությամբ Համշենի Խևակ և հարակից որոշ գյուղեր մահմեդականացվել էին: Դատելով վարդապետին ցույց տված ջերմ ընդունելությունից` նրանք կրոնափոխվել են ոչ վաղ անցյալում 56: Թուրքեր ենիչերական զորաջոկատների և մոլլաների ուղեկցությամբ, բռնությամբ հավաքում էին և ամենայն դաժանությամբ ստիպում տեղում մահմեդականություն ընդունել. դիմադրողներին ուղղակի ոչնչացնում էին: 17-րդ դարի հայ հեղինակ Գրիգոր Կամախեցու բնորոշմամբ՝ թուրքերի համար ալլահին մատուցած ամենակարևոր ծառայությունը համարվում էր իր կյանքի ընթացքում մի քանի քրիստոնյայի մահմեդականացնելը. «Զքրիստոնէից ուրանալ զՔրիստոս եւ ի Մահմէտի օրէնս եւ ի կրօնս դառնալ» 57: Այս ընթացքում Համշենի հայ բնակչության մի մասը ստիպված ընդունել է մահմեդականություն, որոշ դեպքերում՝ առերես: Իսկ մի մասն էլ դիմել է փախուստի` թաքնվելով Տրապիզոնի և Սամսոնի (Ջանիկի) անտառներում ու քարանձավներում: Որոշ հատվածն էլ սփռվել է Ճորոխի ավազանում և Սև ծովի առափնյա շրջաններում: Ամենից դաժանը Սև գետում հաստատված համշենահայության 1780 թ. բռնի մահմեդականացումն էր, որի արդյունքում դատարկվել է 100 գյուղ, մահմեդականացվել 10 հազար համշենահայ: Բնակչության մի մասը կոտորվել է, մյուսը՝ հաստատվել Օրդուում, Ադաբազարում, Խոփայում («Փոքր Համշեն»//«Հոպա Համշեն»), Թորթումում, Սպերում, Բաբերդում, Կերասունում, Սամսոնում, Չարշամբայում, Խուրշինլուում, Խոտորջրում, Ճորոխի ավազանում: Մեծանուն հայագետ Լ. Խաչիկյանը, հենվելով Պ. Թումայանցի կողմից Սամիրա գյուղում գտնվող Շարակնոցի հիշատակարանի վերապատմության վրա, նշում է, որ Սև գետի «հայության մահմեդականացումը, արյունահեղ պայքարով ու բռնություններով, իրագործվեց «Հայոց ՌՄԻԹ»-1780թ»: Նրա կարծիքով հենց այս թվականի դեպքերն են, որ բերնեբերան պատմվելով` գրանցվել են Ս. Հայկունու կողմից` թվագրվելով 1708-1710թթ. 58: 1531թ. մի ձեռագիր հիշատակարանից տեղեկանում ենք, որ օսմանյան իշխանությունները, ենիչերական զորամիավորումը համալրելու նպատակով Համշենում և հարակից շրջաններում անցկացրել են նաև մանկահավաքներ (դեվշիրմե). «...ենիչարա համար տղայ ժողվեց ի հայոց ազգէս, այսչափ տեղեացս այս տարի ժողովեցին` ու զապագայն Աստուծոյ է գիտելի. ի Տրապիզոնա, ի Համշէնու, ի Սպերու, ի Բաբերդու, ի Դերջանայ, ի յԵրզնկա, ի Կամախա, ի յԱշխարհովիս...» 59: Մանկահավաքը մահմեդականացման քաղաքականության համակարգված միջոցներից մեկն էր, որի մասին սոսկալի ցավով են խոսում հայ գրիչները 60: 1877-97 թթ.-ի ընթացքում համշենահայերը կրկին ենթարկվել են մահմեդականացման, դիմադրողները կոտորվել են: Հենց այս ընթացքում էր, որ դեպի Սև ծովի ռուսական ափեր՝ Աբխազիա, Աջարիա, Ղրիմ տեղափոխվեցին մեծ թվով համշենահայեր: 1915 թ. իթթիհատականները սկսեցին զանգվածային տեղահանումներն ու կոտորածները, նաև բռնի մահմեդականացումները Տրապիզոնում, Օրդուում, Սամսոնում, Նիկոմեդիայում և հարակից շրջաններում 61: Շնորհիվ հայդուկային առանձին ջոկատների, համշենահայերի մի մասը կարողացավ անցնել Ռուսաստան, Հյուսիսային Կովկաս, Խորհրդային Հայաստան` պահպանելով իր ազգային ինքնությունն ու քրիստոնյա հավատը 62: Բռնի մահմեդականացման քաղաքականությունը կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին` 15-17–րդ դարեր. 1) այս քաղաքականությունը գործի է դրվել հիմնականում ռազմական և ժողովրդագրական նկատառումներով: Օսմանյան կայսրությունը ձգտում էր ունենալ լոյալ ազգաբնակչություն հատկապես իր սահմանային շրջաններում` ինչպես արևելքում, օրինակ` Ճորոխի ավազանում ու հարակից գավառներում, այնպես էլ արևմուտքում, օրինակ՝ Բալկանյան թերակղզում: 2) Կրոնափոխությունը հետապնդում էր նաև կայսրության ժողովրդագրական պատկերը վերաձևելու նպատակ: 3) Բռնի մահմեդականացման երևույթը պետք է դիտարկել նաև ընդհանուր համատեքստում. ընթանում էին թուրք-պարսկական պատերազմները և կողմերը ձգտում էին տիրանալ ռազմավարական տեսակետից հույժ կարևոր Հայկական բարձրավանդակին: Այդ ժամանակաշրջանում կայսրության համար լուրջ գլխացավանք էին դարձել նաև մահմեդական գյուղացիության` «ջելալիների» անվամբ հայտնի ապստամբությունները` շիա դավանանքի ներքո, որոնք նաև հրահրվում էին Իրանի կողմից: Ապստամբական գործողությունները ընթանում էին հիմնականում Արևմտյան Հայաստանում, այդ թվում և Համշենի հարակից շրջաններում 63: Օսմանյան կայսրությունը, այդ տարածքներում (հատկապես սահմանային) իրականացնելով մահմեդականացման քաղաքականություն, ձեռք կբերեր սուննի մահմեդական բնակչություն ի հակակշիռ Իրանի: 4) Իսկ այդ շրջանում Իրանը վարում էր Արևելյան Հայաստանը ամայացնելու քաղաքականություն. բռնագաղթեցնելով հայ բնակչությանը` խոչընդոտում էր օսմանյան զորքերի առաջխաղացմանը 64, իսկ մյուս կողմից օսմանյան իշխանությունները, հենվելով մոլեռանդ մահմեդական ամբոխի և ենիչերական ջոկատների վրա, բռնի դավանափոխ էին անում հայերով խիտ բնակեցված սահմանային շրջանները: Երկրորդ շրջան` 18-րդ դար-19-րդ դարի կեսեր. Թուրքիան ձեռք էր բերել մի նոր ախոյան` Ռուսաստանը. վերջինս հավակնություններ ուներ նաև Օսմանյան կայսրության արևելյան՝ քրիստոնյաներով բնակեցված վիլայեթների նկատմամբ: Ուստի օսմանյան իշխանությունները դիտում էին այդ գավառներում բնակվող քրիստոնյաներին որպես Ռուսաստանի դաշնակից պոտենցիալ ուժ, և նրանց մահմեդականացումը բխում էր նաև աշխարհաքաղաքական իրավիճակի օսմանյան ընկալումներից: Երրորդ շրջան` 19-րդ դարի վերջ և մինչև 20-րդ դարի կեսեր. բռնի մահմեդականացումն ամբողջովին խարսխվում էր թուրքիզմի գաղափարախոսության վրա, քանի որ այդ շրջանում այն ենթադրում էր բնակչության թուրքացում: Կայսրությունը ստեղծել էր հատուկ օրենքներ և սոցիալ-տնտեսական այնպիսի պայմաններ, որոնք նպաստում էին նաև «կամավոր» մահմեդականացմանը ոչ միայն Համշենում, այլև Արևմտյան Հայաստանի այլ վայրերում 65: Կրոնափոխ էին լինում` հիմնականում խուսափելու համար ծանր հարկերից` հատկապես ջիզիեից, կրոնական և այլ զանազան հալածանքներից: Մահմեդականացման հետևանքները Մահմեդականացված համշենահայերը նույնպես չխուսափեցին բռնություններից: 19-րդ դարի ամբողջ ընթացքում և 20-րդ դարի սկզբում նրանց էլ հալածում էին հայերեն (Համշենի բարբառով) խոսելու համար: Արդյունքում՝ հայերենի հաշվին մեծ չափով տարածում գտավ թուրքախոսությունը: Թեև Թուրքիայում մնացած համշենահայությունը սկզբնական շրջանում առերես էր ընդունել մահմեդականությունը, ցավոք ժամանակը, ինչպես նաև միջավայրը կատարել են իրենց դերը: Փաստերը ցույց են տալիս, որ նրանց հայկական ինքնությունը արտահայտվում է գենետիկական ծագման մասին հիշողությամբ ու մշակութային որոշ շերտերի պահպանմամբ: Բուն Համշենում բաշ-համշենցիներն արդեն թուրքախոս են, թեև շարունակում են գործածել մի շարք հայերեն բառեր (Համշենի բարբառով): Միաժամանակ գավառի բնակիչները պահպանում են հայկական որոշ ծեսեր և ավանդույթներ, կենցաղային սովորություններ, երգեր ու պարեր: Պահպանվել են նաև մի շարք տեղանուններ և անձնանուններ: Էթնիկ-տեղային որոշակի ակտիվություն նկատվում է Արդվինի նահանգի Խոպա և Բորչկա գավառներում բնակվող մահմեդականացված համշենցիների միջավայրում: Նրանք շարունակում են խոսել Համշենի բարբառով: Այն հայերենի բացառիկ բարբառներից է, որն իր մեջ պահպանել է վաղնջահայկական շրջանի, գրաբարյան և միջին հայրենի շերտեր: Եվ պատահական չէ, որ Համշենի բարբառը լեզվաբաններն անվանում են հին հայկական լեզու 66: Դարերի ընթացքում, սակայն, բարբառում ներմուծվել են թուրքերեն բառեր և արտահայտություններ, այն կրել է թուրքերենից բխող հնչյունական ազդեցություններ: Բարբառն ունի նաև խոսվածքային տարբերակներ 67: Այսօր այս բարբառը կենդանի է, այն որպես մայրենի լեզու է ծառայում նաև Սև ծովի հյուսիսային ափերին ու Հայաստանում հաստատված համշենահայերի մի մասի համար: Այս փաստը վկայում է, որ Համշենի բարբառն այսօր էլ շարունակում է կենսունակ լեզու լինել: Արևմտյան գիտնական Ռ. Բենինգհաուսի դիտարկումների համաձայն Թուրքիայի հայերը գրեթե հասկանում են Խոփայի համշենցիների բարբառը, բայց վերջիններս բոլորովին չեն հասկանում մյուս հայերին 68: Ս. Վարդանյանը, որը ուսումնասիրել է Խոփային հարակից Աջարիայի սահմանամերձ գյուղերից 1944թ. Միջին Ասիա աքսորված կրոնափոխ համշենցիների գրառած բանահյուսությունն ու բարբառը, այն համարում է Համշենի բարբառի առանձին խոսվածք, որը «զգալի տարբերություններով հանդերձ մոտ է Տրապիզոնի շրջակա գյուղերի խոսվածքին»: Այն իր հերթին բաժանվում է երկու ճյուղի` արդլեցիների՝ Արդալա գյուղի բնակիչների և թուրցևանցիների` դրսեցիների 69: Բերենք հետաքրքրական մի քանի տեղեկություններ: Մինչև 1980-ական թվականները, Թուրքիայի մյուս շրջանների հետ համեմատ, Համշենում շատ քիչ մզկիթներ են եղել 70: Համշենցիների մեջ կարելի է հանդիպել այնպիսիներին, որոնք իրենց չեն համարում մոլեռանդ մահմեդականներ, նույնիսկ շատ են սիրում օգտագործել ոգելից խմիչք, որն իսլամով արգելված է: Այս առումով ուշագրավ է, որ հարևանությամբ ապրող լազերը համշենցիներին անվանում են խաղամոլ, հարբեցող և անհավատ 71: Հակասական են տեղեկությունները Թուրքիայի Հանրապետությունում բնակվող հայկական ծագում ունեցող մահմեդական զանգվածի, ներառյալ համշենցիների թվաքանակի վերաբերյալ: Տարբեր աղբյուրների համաձայն նրանց թիվը տատանվում է 1,5 մինչև 4-5 միլիոնի միջև 72: Նրանց թվաքանակի որոշումը խիստ բարդ խնդիր է, քանի որ, Թուրքիայի Հանրապետության սահմանադրության համաձայն (1924 թվականի առաջին սահմանադրության 88-րդ հոդվածը 73, որը դարձել է 1982 թվականին ընդունված սահմանադրության 66-րդ հոդվածը)` ամեն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք 74: Ավելին` 2005 թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը քննարկեց և հաստատեց Անվտանգության խորհրդի ներկայացրած «Ազգային անվտանգության քաղաքականության մասին փաստաթուղթը», որը դարձյալ ընդգծում է, որ Թուրքիայի Հանրապետությունում հիմնարար սկզբունքներ են հանդիսանում մեկ պետություն, մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ լեզու դրույթները: Փաստաթղթում պահպանվում է Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացուն «ազգությամբ թուրք» համարելու սկզբունքը: Բնական է, որ հետևողականորեն իրականացվող այսպիսի ձուլողական քաղաքականության արդյունքում, վախի և զանազան հալածանքների մթնոլորտում, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ինքնությունները աստիճանաբար փոշիանում են, այդ թվում` մահմեդականացված հայության սերունդներինը: Բացառություն են քրդերը, որոնք իրենց ստվարաթվության և տևական պայքարի հաշվին պահպանում են ինքնության սուր զգացողություն: Այսօր անգամ Ստամբուլի հայությունը հայապահպանության լուրջ խնդիրներ ունի 75, ուր մնաց թե մահմեդական «հայը» զերծ մնա նման վտանգից: Թուրքիայում բնակվող համշենցիների ինքնությունը խճճելու, պատմական ճշմարտությունն աղճատելու նպատակով, մեծ աշխատանքներ են տանում թուրքական «պատմագիտական» դպրոցը, թուրքական հատուկ ծառայությունները, նրանց կողմից վերահսկվող տարբեր ինտերնետային կայքէջրը, որոնց նպատակն է ամեն կերպ կանխել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների ազգային գիտակցության վերելքը: Այդուհանդերձ, 2005 թ. Թուրքիայի համշենցիների նախաձեռնությամբ թողարկվել է «Վովա» (Ով է-Լ. Ս.) - «Համշեցու խաղ-Hemshin ezgileri» բացառիկ արժեք ներկայացնող 14 երգերից բաղկացած ձայնասկավառակը, որի միջոցով ևս հնարավորություն ենք ստանում որոշակի պատկերացում կազմել նրանց պահպանած հայկական մշակութային շերտերի, հատկապես Համշենի բարբառի այսօրվա վիճակի մասին: Երգերի մեծ մասը Համշենի բարբառով է: Կան նաև թուրքերեն և խառը` բարբառով ու թուրքերենով երգեր: Երգերը կատարում են Հոփայի, Արտանուչի, Արտաշեն, Մաքրիալ, Ձարղինա//Ծարղինա, Արդալա, Խիգո, Զուրբիջի, Չավուշնի, Չղհալա, Զալունա, Խալբասի, Քոփրիջի բնակավայրերի համշենցիները: Երգերի մի մասը, ինչպես գրված է սկավառակին կից հրապարակված ալբոմում, երիտասարդ սերունդն արդեն մոռացության է մատնել: Մուսթաֆա Բիբեր անունով մի համշենցի, որը նաև այս ձայնասկավառակի գործիքավորողն է, պատմում է, որ երկու տարի վանականի նման կյանք վարելով, գյուղից գյուղ է անցել` գրառելու համար այս երգերը: Մեր կարծիքով այս երգերը իրենց տաղաչափությամբ ու բովանդակությամբ հիշեցնում են հայկական քնարական երգերը, քառատող խաղիկները և իրենց ուրույն տեղը կարող են գտնել համշենահայերից գրանցված բազմաթիվ մանիների կողքին: Ձայնասկավառակում ներկայացված են` հարսանեկան, սիրո, աշխատանքի, պանդխտության երգեր: Հետաքրքրական է, որ երգերում պահպանվել են նաև այնպիսի լեզվական փաստեր, որոնք հիշեցնում են նրանց նախկին քրիստոնեական դավանանքը (խոչ<խաչ, ժոմ<ժամ, քիլիսե<եկեղեցի): Այս փաստերը, սակայն, պետք է գնահատել որպես հայկական մշակութային որոշ շերտերի պահպանում, բայց ոչ հայկական գիտակցության դրսևորում, քանի որ հայ ազգին պատկանելու և հայկականության կարևոր բաղադրիչները՝, քաղաքական ու հոգեբանական կապվածությունները, Հայաստան հայրենիքի ընկալումները ցավոք, հայկական ծագում ունեցող մահմեդականների մեծ մասի մոտ հիմնականում մոռացության են մատնվել: Իսկ Տրապիզոնի լեռնային շրջաններում (Քարադերեում), Օրդուում, ինչպես նաև Գյումուշխանեում և Բաբերդում (Բայբուրթ) բնակվող համշենցիների սերունդների մեջ հայկականության շերտերի պահպանման աստիճանը դեռևս չի ուսումնասիրված՝ հասկանալի պատճառներով: Նրանց վերաբերյալ կան առանձին կցկտուր տեղեկություններ: Հայկական ծագման մասին հիշողությունը, կարելի է ասել, որոշ չափով թարմ է Մեծ Եղեռնի ընթացքում մահմեդականացված հայության սերունդների մոտ, որոնք գաղտնի պահպանել են քրիստոնեությունը (նրանց նաև անվանում են «ծպտյալ հայեր»): Մահմեդական համշենցիների ինքնանվանումը «հոմշեցի» է (hemshili), մինչդեռ քրիստոնյա համշենահայերն այս ինքնանվանումը չեն գործածում՝ դրա փոխարեն կիրառելով «համշենցի» կամ «համշենահայ» տերմինը: Մահմեդականացված հայերի սերունդների մեծ մասն ուղղակի մերժում է հայկական ինքնությունը կամ խուսափում հարցից, մի մասն էլ բավարարվում է` ընդամենն ընդունելով իր նախնիների հայկական ծագումը: Բաշ-համշենցիների հիմնական զանգվածը իրեն պարզապես թուրք-հեմշինլի է համարում 76: Կրասնոդարի երկրամասում հաստատված մահմեդականացված հեմշինլիներն (խեմշիլներ) տարածաշրջանում տիրող հակաթուրքական-հակամեսխեթցիական մթնոլորտի, ինչպես նաև տեղի համշենահայ համայնքի կատարած լուսավորչական աշխատանքի արդյունքում (հատկապես, իսլամից հրաժարվելու ու դարձի գալու ուղղությամբ) նկատվում են գիտակցության որոշակի տեղաշարժեր: Սակայն նրանց ինքնության վերականգնմանը դեռևս խանգարում է մահմեդականությանը համառորեն կառչած մնալը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասում տարածում գտած հայատյացությունը 77: Նշենք նաև, որ այժմ Թուրքիայի Հանրապետությունում բնակվող՝ հայկական ծագում ունեցող մահմեդական զանգվածի սերունդներ բնակվում են, մասնավորապես, Վանում, Մուշում, Վարդոյում, Ադյամանում, Ճորոխի ավազանում, Սև ծովի հարավ-արևելյան առափնյա շրջաններում: Վերջերս նրանց շրջանում արձանագրվել են հայկական արմատների նկատմամբ հետաքրքրություն դրսևորելու առանձին, բայց ոչ զանգվածային դեպքեր: Եվ ամենակարևորը` չմոռանանք, որ հայ լինելու գլխավոր նախապայմաններից են հայրենիքի` Հայաստանի զգացում-գիտակցումը, պատմական արդարության վերականգնման պահանջը, որոնք բացակայում են ծագումով հայ մահմեդականացված զանգվածի մեծ մասի մոտ` վերը նշված պատճառներով: Ուստի առաջիկայում մահմադականացված համշենցիներից, առավել ևս մահմեդականացված այլ տարրերից վերահայացում ակնկալելը, մեր կարծիքով, միամտություն է: Մեզանում այս խնդրի շուրջ գոյություն ունի որոշակի թյուրըմբռնում, կարելի է ասել` անտեղի զգացմունքային ոգևորություն: Չհաստատված տեղեկություններն ինչ-ինչ առանձին ընտանիքների և անհատների հայկական ինքնության ընդունման կամ վերականգնման մասին բավարար չեն ընդհանրացնող եզրակացությունների համար: Այսուհանդերձ, Թուրքիայում բնակվող հայկական ծագում ունեցող մահմեդականների գոյությունը մի երևույթ է, որի ուսումնասիրությունը խիստ կարևոր է և այժմեական: Չի բացառվում, որ մի օր այս խնդիրը կարող է շահարկման առարկա դառնալ (եթե արդեն չի դարձել) ինչպես թուրք պետության, այնպես էլ այլ օտար ուժերի կողմից ի վնաս հայության և Հայաստանի: Այժմ նշենք ընդամենը մեկ օրինակ. թուրքական ժամանակակից գրականության մեջ (Քեմալ Յալչըն) մահմեդականացած-թուրքացած կամ «ծպտյալ հայ» տարրերի միջոցով արդեն սկսվել է թուրքական մոտեցումներով «հայ-թուրքական բարեկամության» քարոզը 78: Այս ամենը հուշում է, որ մեզ անհրաժեշտ է բազմակողմանիորեն` պատմական, քաղաքական, մշակութային, հոգևոր-կրոնական տեսանկյուններից, վերլուծել և պատկերացնել խնդիրը` Հայաստանի շահերից ելնելով: ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ------------ * Հոդվածի նախնական տարբերակը ընթերցելու և օգտակար խորհուրդների համար շնորհակալություն ենք հայտնում բանասեր, համշենահայության պատմության և ազգագրության երկարամյա ուսումնասիրող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանին:
|
||||
all rights reserved 2007-2013 site designed and developed by Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org
|
|||||
|